Հայերեն   English   Русский  

Էդ ում երազանքն էր, որ ես մանդատը պետք է վայր դնեմ. Սասուն Միքայելյան


  
դիտումներ: 122

«Ես չգիտեմ՝ էդ ում երազանքն է, որ ես պիտի մանդատս վայր դնեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր,

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն խոսակցություններին, որ ինքը ՔՊ համագումարի ժամանակ վարչության անդամ չընտրվելուց հետո նեղացած է և պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել:

«Մանդատը ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին, ու էս նորագույն պատմության մեջ առաջին արդար ընտրություններն են եղել, որ ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել: Ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ու էդ 300 հոգու ընտրությունից չի, որ ես պիտի խռովեմ, նեղանամ, ես խռովող տղա չեմ: Ես իմ գործն արել եմ ու հիմա ավելի եմ անելու»,-ասաց Միքայելյանը:

Սասուն Միքայելյհանը նշեց, որ ԱԺ նիստերին չէր գալիս, քանի որ առողջական խնդիրներ ուներ և սպասում էր, որ ՔՊ համագումարից հետո իրավիճակը հստակեցվի:

Այն հարցին, թե ըստ իրեն կլանային համակարգը շարունակում է պահպանվել Աբովյան քաղաքում, Սասուն Միքայելյանն ասաց. «Կլանային համակարգը պահպանվում է ամբողջ Հանրապետությունում: Մենք կամաց-կամաց ենք փորձում դրա դեմ պայքարել: Գնացեք այսօր Աբովյան ու տեսեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին: Եթե մարդը մի վայրում մարզպետ է ընտրվում, ուրեմն ինքը պետք է կարողանա ժողովրդին համախմբել, ի պաշտոնե վախի մթնոլորտ ստեղծելով, կլյաուզ քայլերով երբեք քաղաքական արժեհամակարգ չես ստեղծի: Մարդը պետք է այնպես աշխատի, որ իրեն հարգեն»,-հավելեց Միքայելյանը և հիշեցրեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, երբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իրեն մարզպետին ոչ հարիր էր պահում ու հիստերիայի մեջ էր ընկնում:

Խոսելով ընտրությունից մեկ օր առաջ ՔՊ-ի թեկնածուի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան ու տունն այրելու մասին՝ Միքայելյանն ասաց, որ քննությունը կպարզի՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ի թեկնածուի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան ու տունն այրեցին, թե՝ այրեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: