Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 451

Շաբաթը սկսվեց Անվտանգության խորհրդի նիստով, որում զարմանալիորեն ընդգծվել է հանրահայտ ճշմարտություն, այն,

որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը կառավարության համար «լրջագույն առաջնահերթություն» է: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա շեշտվել է, որ անվտանգության «միջավայրը» ոչ միայն չի լիցքաթափվել, այլև որոշ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր մարտահրավերների հարցում։

Խորհրդարանում տարեկան հաշվետվություն ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, որը իրեն ուղղված բազմաթիվ հարցերից հետո որակվեց մի պաշտոնյա, որը «համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին»:

Այնուհետև պատգամավորները ներքաշվեցին տևական լեզվակռվի մեջ, որից կարելի է եզրակացնել, որ նրանց համար շատ ավելի առաջնահերթ է արձագանքել Վահե Գրիգորյանի այս կամ այն հայտարարությանը կամ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հասցեին արված «սիրուն աղջիկ» արտահայտությանը, քան ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերին։

Մինչդեռ Ստրասբուրգում տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստը, որում որոշում կայացվեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին լիազորել, որպեսզի ուշադիր հետևի Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Իսկ մինչ Բուքիքիոն կանցնի այդ հանձնարարության կատարամանը, այդ գործառույթը ամենայն ջանասիրությամբ կատարում էր «Վետօ» շարժումը, որը սպառնաց ՍԴ-ի աշխատանքը խոչընդոտելու փորձերի դեպքում վերածվել պետության փրկության կոմիտեի:

Շաբաթվա առաջին օրը նշանավորվեց նաև հեռուստատեսության 5-րդ ալիքին երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված բացառիկ հարցազրույցով, որի ընթացքում նա բավական ուշագրավ հարցադրումներ և շեշտադրումներ արեց մեր ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերի վերաբերյալ: Դրանք ուշագրավ էին նաև այն առումով, որ և՛ նա, և՛ հասարակայնությունը ենթադրում էին, որ հաջորդ օրը նա կրկին վերադառնալու է բանտախուց:

Այդպես էլ եղավ: Հաջորդ օրը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց իր որոշումը Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու մասին՝ բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները։ Առաջին ատյանի մյուս որոշումը քրեական վարույթը կասեցնելու և սահամանդրական դատարան դիմելու վերաբերյալ նույնպես բեկանվեց։ Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները չէին մասնակցում, քանի որ դատարանը թույլ չէր տվել Քոչարյանի պաշտպանական խմբին ներկայացնել իր դիրքորոշումները՝ բացահայտ ոտնահարելով մրցակցային սկզբունքը։ Դրան հետևեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցը, որոնք քայլեցին դեպի ԱԱԾ շենք։

Մինչ Ազգային ժողովի բակում շարունակվում էր հարկային համահարթեցման դեմ բողոքի ցույցը, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխություների փաթեթը։ Կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը։

Սակայն օրվա ամենաաղմկահարույց լուրը հասավ Ստրասբուրգից: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը մեր պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց, իսկ Ռուբեն Ռուբինյանը՝ պատվիրակության ղեկավարը, դեմ քվեարկեց: Նա մի օր հետո հայտարարեց, որ սխալմամբ է դեմ կոճակը սեղմել, սակայն դա դույզն-ինչ չփոխեց իրավիճակը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք կզգացվեն ամենայն հավանականությամբ մեր արտաքին հարաբերությունների հետագա զարգացումներում:

Հունիսի 26-ին ցավալի լուր ստացվեց բանակից։ Արմավիրի զորավարժարանում մահացավ ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանը, քրեական գործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Մամուլում, ի թիվս այլոց, քննարկումների առարկա դարձավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Կառավարության հերթական նիստում որոշվեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը (55-ից 68 հազար դրամ)։ Բացի այդ, որոշվեց 0-ից 18 տարեկաններին մատուցվող հիվանդանոցային ծառայությունները դարձնել անվճար, իսկ սրտի ստենտավորման ծառայության համար հատկացված գումարները տարվա կեսից չեն սպառվի։ Այս նպատակների համար լրացուցիչ 12 միլիարդ դրամ կհատակցվի առողջապահության ոլորտին։

Այդուհանդերձ կառավարության շենքի մոտ դարձյալ կրքեր էին բորքովում: Եկել էին Արագած գյուղի բնակիչները՝ իրենց հետ բերելով նեխած կարտոֆիլ և մի քանի շիշ այն ջրից, որը փչացնում է բերքը։ Նրանք բողոքում էին հէկերի դեմ, որոնցով անցնող թունավոր ջուրն է ախտահարում բույսերը։

Բացի արագածցիներից, կառավարության շենքը պաշարել էին նաև Եղվարդի՝ ժամանակին որպես գործարան ծառայած շինության մի խումբ նախկին բնակիչներ, որոնք անօթևան են դարձել: Հունիսի 25–ին ոստիկանության աշխատակիցները նրանց դուրս էր շպրտել այդ տարածքից։ Մի քանի օր արդեն նրանք գիշերում են կառավարության շենքի հարևանությամբ:

Նույն օրը Սահմանադրական դատարանը որոշում հրապարակեց, ըստ որի՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկած սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, բացի այդ, նա մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում:

Մամլո ասուլիս հրավիրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունները և դարձյալ շեշտեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը:

Հունվարի 28-ին գերիների փոխանակում կատարվեց: Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց Զավեն Կարապետյանին, Հայաստանն էլ Ադրբեջանին հանձնեց Էլվին Իբրահիմովին։

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն այժմ էլ սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ նամակ է ուղղել ՍԴ անդամներին, Ազգային ժողովին, նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին:

Նույն օրը Սահմանադրական դատարանը ստեղծված իրավիճակին արձագանքեց հայտարարությամբ, որում չգնահատեց Վահե Գրիգորյանի կարծիքները՝ պատճառաբանելով, որ դրանք հիմնականում քաղաքական են, բայց և զերծ մնաց իրավական հարցադրումների գնահատումից, քանի որ դրանք կարող են դառնալ Սահմանդրական դատարանի քննության առարկա։ Սակայն հայտարարեց, որ աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: