Հայերեն   English   Русский  

«Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է». Գայանե Առաքելյան


  
դիտումներ: 5070

«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 27-ին, ժամը 12:00-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Աշխատությունը նվիրված է գեղարվեստական լուսանկարչության խոշոր վարպետ Անդրանիկ Քոչարին: Նրա ստեղծագործությամμ և կազմակերպչական գործունեությամբ է պայմանավորված գեղարվեստական լուսանկարչության հիմնադրումն ու զարգացումը Հայաստանում: Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը (1919-1984 թթ.), Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից գալով Հայաստան, նոր էջ բացեց հայ արվեստի պատմության մեջ և գրավեց իր հաստատուն տեղը: Նա ուներ ստեղծագործելու հատուկ թեմաներ և հստակ կողմնորոշում: Նկարում էր սև ու սպիտակ ժապավենի վրա: Հետաքրքրությունների հիմնական առարկան մարդն էր: Իր դիմանկարներով նա ստեղծեց Հայաստանում 1950-80-ական թթ. գործունեություն ծավալած մտավորական խավի լուսանկարչական հուշարձանը: Լուսանկարը դարձել է մարդու տեսողական հիշողության անբաժան մասը: Լայն տարածում գտնելով ամբողջ աշխարհում` այն, որպես արվեստ, իր ուրույն տեղն ու դերն ունի: Հայաստանում, սակայն, նոր է արժևորում ստանում: Այդ է վկայում այն փաստը, որ միայն 2007 թ. առաջին անգամ լույս տեսավ մի գիրք-ալբոմ` «Հայ լուսանկարիչներ», որտեղ առաջին անգամ խոսվում է հայկական լուսանկարչության և հայ լուսանկարիչների մասին: Պատկերագիրքը հանրագիտարանի արժեք ունի, ներառում է տեղեկություններ Հայաստանի և Սփյուռքի գրեթե բոլոր հայ լուսանկարիչների մասին և նրանց ամենահայտնի աշխատանքները: Հեղինակ Վահան Քոչարն իր կատարած հսկայածավալ աշխատանքով առաջին փորձն է արել ամբողջացնելու հայ լուսանկարչական արվեստի պատմությունը: Իսկ մինչ այդ` 2006 թ., ԵՊՀ ասպիրանտ Իվեթ Թաջարյանը ձեռնամուխ եղավ ուսումնասիրելու և ատենախոսություն գրելու XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին ապրած և ստեղծագործած արվեստագետ, պարսկահայ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի արվեստի մասին, որը նաև եղել է պարսիկ Նասեր Էլ Դին շահի արքունիքի պալատական լուսանկարիչը: Այսպիսով, հայ արվեստաμանության մեջ առաջին անգամ փորձ է արվել գեղարվեստական լուսանկարչությունը որպես արվեստի մի նոր ճյուղ ներկայացնելու պարսկահայ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի օրինակով: Բուն Հայաստանում, սակայն, գեղարվեստական լուսանկարչությամբ առաջինը սկսել է զբաղվել և լուսանկարը` որպես արվեստ, ներկայացնել Անդրանիկ Քոչարը: Ուստի այս աշխատությունը կարևոր քայլ է հայ լուսանկարչությունը որպես արվեստի ինքնուրույն տեսակ հետազոտելու և նրա սկզբնավորման փուլը ներկայացնելու առումով: Այսքանով կարծես սահմանափակվում են սույն ոլորտի հայաստանյան ուսումնասիրությունները, որոնք լուսաբանում են հայ գեղարվեստական լուսանկարչությունը և նրա ռահվիրաներին:

Այս աշխատության հիմնական նպատակն է լուսաբանել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող խոշոր վարպետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը և ցույց տալ Անդրանիկ Քոչարի (1919-1984 թթ.) նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում: Խնդրո առարկա մենագրությունը Գայանե Առաքելյանի մեկ տասնամյակից ավելին տևած մանրամասն հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է: Դրա վկայությունն են Անդրանիկ Քոչարի արվեստին նվիրված նրա թեկնածուական ատենախոսությունը, ինչպես նաև լուսանկարչի մասին պատմող մի շարք զեկուցումներ և գիտական հոդվածներ:

Առաքելյանի մենագրության լույս ընծայումը համընկնում է 2019 թ. Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա և լուսանկարչության գյուտի 180-ամյա հոբելյաններին: Այն մի յուրահատուկ հարգանքի տուրք է մեծ լուսանկարչի և նրա կերտած ստեղծագործությունների նկատմամբ: Ինչպես հեղինակն է նշում. «Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն»:

Մենագրությունը բաղկացած է արվեստաբան Մարտին Միքայելյանի ներածական խոսքից, առաջաբանից, հայ լուսանկարչական ավանդույթները և Անդրանիկ Քոչարի արվեստի ակունքները, ինչպես նաև վերջինիս ստեղծագործության ժանրերը, նրանց գեղարվեստական լեզուն ներկայացնող երկու մեծ գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և ծանոթագրություններից: Օտար ընթերցողներին Ա. Քոչարի ստեղծագործության մասին պատկերացում են տալիս անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով ներածությունները:

Հայ լուսանկարչության պատմության մեջ Քոչարի արվեստով նոր էջ բացվեց: Նա կարևոր դերակատարություն ունեցավ Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության դպրոցի ստեղծման գործում: Հավաքելով աշխարհի հայ լուսանկարիչների կենսագրությունները, կնիքներն ու աշխատանքները, նա առաջին անգամ ամբողջացրեց հայ լուսանկարչության պատմությունը: Անդրանիկ Քոչարի ժառանգությունը, որ ստեղծվել է XX դարի երկրորդ կեսին և բաղկացած է մարդկային կյանքի արժեքավոր պահերից, պատմության մաս է կազմում՝ մեզ ներկայացնելով այդ ժամանակաշրջանի շոշափելի ներկայությունը: Կատարվել է գնահատելի ու շնորհակալ գործ, ընթերցողի սեղանին է դրվել վաղուց սպասված, անհրաժեշտ մի գիրք՝ հասցեագրված ոչ միայն մասնագետներին՝ լուսանկարիչներին, արվեստաբաններին և լուսանկարչության պատմաբաններին, այլև գեղարվեստական բուհերի և համալսարանների ուսանողներին, արվեստասեր հանրությանը: Այս առումով Գ. Առաքելյանի մենագրությունը լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ստեղծագործությունների քննությունն ընդգրկող առաջին ընդհանրացնող, համապարփակ աշխատությունն է, որը հուսալի հիմք է այդ ուղղությամբ հետագա՝ առավել մանրախույզ պրպտումների համար:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է: Նավում հանդիպել է Եգիպտոսից Հայաստան մեկնող Հասմիկ Զաքարյանին:

«Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո:

1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն:

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում , Ռիգայում , Լենինգրադում, Մոսկվայում , Լիտվայում , Բուլղարիայում, Ուկրաինայում , Ֆրանսիայում , Սալոնիկում , Լոնդոնում:

Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: