Հայերեն   English   Русский  

Սասուն Միքայելյանի մտքերն ու մտահոգությունները մենք անպայման կքննարկենք. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 60

Այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ իր կուսակիցների միջև ստեղծված լարված հարաբերություններին:

Խոսելով ՔՊ անդամներ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից միմյանց ուղղված հրապարակային մեղադրանքներին՝ Հարությունյանն ասաց. «Առհասարակ մեր կուսակցությունում ցանկացած իրավիճակում սիրում են վերլուծել և դասեր քաղել. դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում: Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկումներ կան, լուծումներ կան, ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որ կան անլուծելի խնդիրներ»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ քննարկումները Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի միջև կուսակցությունից դուրս եկան և հրապարակավ վիրավորանքներ են հնչում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, որտեղ ամեն ինչ եղել է հրապարակային: Այնպես որ խնդիր չեմ տեսնում բանավեճի մեջ, կարգավորումներ կլինեն: Մենք կուսակցությունում կքննարկենք, այսքանը կարող եմ ասել»:

Անդրադռնալով Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ կուսակցության ներսում խմորումներ կան, նախարարը հերքեց այդ տեղեկությունները. «Ներքին խմբեր հատկապես ընտրությունների ժամանակ ես չեմ նկատել: Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, որոնք մենք կքննարկենք: Մենք զերծ ենք ինտրիգներից: Պարոն Միքայելյանի մտքերն ու մտահոգությունները մենք անպայման կքննարկենք, դեռ չենք քննարկել»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Սասուն Միքայելյանն ասել էր, որ ինքը չի ընտրվել ՔՊ վարչության անդամ, քանի որ ինչ-որ խմորումներ են սկսվել կուսակցության ներսում, հետո խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին՝ ասել էր, որ դրանում մեղավոր է Ռոմանոս Պետրոսյանը, քանի որ նա ամեն ինչում ցանկանում է իր անձը առաջ տանել և դեմք դառնալ Կոտայքի մարզում:

Այսօր Ռոմանոս Պետրոսյանն էլ ֆոյսբուքյան գրառմամբ դիմելով Միքայելյանին՝ գրել էր, որ ցավում է, որ Սասուն Միքայելյանն ազնիվ չէ նախ իր հանդեպ, ապա նաև՝ մարզպետի նկատմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: