Հայերեն   English   Русский  

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը. ուղիղ


  
դիտումներ: 303

Այսօր՝ հուլիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։

Դեռ նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը որոշում էր կայացրել գործով վկա Սամվել Ասլանյանին բերման ենթարկել: Այսօր նա հարցաքննվում է նիստի ընթացքում: Ասլանյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հարևանն է և ցուցմունք է տալիս 11 տարի առաջ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: