Հայերեն   English   Русский  

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող 4 երկրներից մեկն է


  
դիտումներ: 141

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող չորս երկրներից մեկն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին հետախուզության համար պատասխանատու Սահմանադրության պահպանման գերատեսչությունը (BFV)։

2018թ․ վերաբերյալ BFV-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի լրտեսական գործունեության մեջ գլխավոր դերը կատարում է այս երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT)։


387 էջանոց ամբողջական զեկույցից հրապարակվել է 50 էջանոց անգլերեն հակիրճ տարբերակը։ Զեկույցի լրտեսության և հետախուզության բաժնում մեծ տեղ է հատկացվել Գերմանիայում MİT-ի գործունեությանը։

Արձանագրվել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Թուրքիան շատ ակտիվ լրտեսական գործունեություն են ծավալում Գերմանիայում՝ այդ երկրի նկատմամբ քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական առավելություններ ձեռք բերելու նպատակով։ Զեկույցում նշվել է, որ թուրքական հետախուզությունը հատկապես կենտրոնացած է Գերմանիայում ապաստանած և Թուրքիայում որպես հակակառավարական կամ ահաբեկչական բնութագրվող խմբավորումների կամ անհատների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու վրա։ Բայց միևնույն ժամանակ Թուրքիայի հետախուզությունը Գերմանիայում փորձում է նաև իր ազդեցությունն ունենալ երկրի քաղաքական անցուդարձի և գերմանական հասարակությունում վճռորոշ ձայն ունեցող անձանց վրա։

Գերմանիայի ներքին հետախուզական ծառայությունը որպես առևանգում է բնութագրել «Գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող անձանց՝ Գերմանիայից կամ այլ երկրներից բռնի ուժով Թուրքիա վերադարձնելուն ուղղված MİT–ի գործողությունները։ Ըստ զեկույցի՝ թուրքական հետախուզական կառույցներն այս կամ այն չափով կապված են Անկարայի և երկրի իշխող կուսակցության հետ և Բեռլինում ու այլ եվրոպական մայրաքաղաքներում Անկարային աջակցող ուժեր են փնտրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: