Հայերեն   English   Русский  

Հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ. Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը


  
դիտումներ: 296

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։

Բացման խոսքով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էլ ընթերցել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Իր ելույթում Աննա Հակոբյանն անդրադարձել է հայ մամուլի մարտահրավերներին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինին 2019 թվականը մամուլի տարի հռչակելու, և այս համաժողովը կազմակերպելու համար: Մամուլն այսօր ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, և հայ մամուլը, այսինքն Հայաստանյան մամուլը և աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում գործող մամուլը չէր կարող անմասն մնալ համաշխարհային այս պրոբլեմից: Ուստի սույն նախաձեռնությունն առավել քան երբևէ տեղին է և սպասված:

Ես հույս ունեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի բարձր հեղինակության և հայրապետական օրհնանքի ներքո այս համաժողովի մասնակիցներին կհաջողվի վեր հանել ամենախորքային խնդիրները, քննարկել դրանք, լուծումներ փնտրել, և եթե հաջողվի նաև ընդհանուր ռազմավարություն և ուղենիշներ սահմանել, դրանք մեզ հետ տանել յուրաքանչյուրս մեր երկիր՝ պարտավորվելով նաև կյանքի կոչելու»,-ասել է Աննա Հակոբյանը:

Վերջինս հույս է հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը կդառնա ամենամյա.

«Եկեք խոստովանենք՝ աշխարհը խելակորույս արագությամբ զարգանում է, իր հետ բերելով նորանոր մարտահրավերներ և խնդիրներ և մենք, մամուլի միջոցներս պարտավոր ենք արագ և ժամանակին արձագանքել դրանց:Նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը, համացանցի սփռվածության սահմանների ընդլայնումը, որպես դրա հետևանք՝ սոցիալական ցանցերի՝ ավանդական մամուլին փոխարինելու, ինֆորմացիայի տարածման և ստացման ամենաօպերատիվ և հիմնական աղբյուր դառնալու հավակնությունները տենդենցներ են, որ մեզ ուղեկցելու են առաջիկա տասնամյակների ընթացքում և լավ կլիներ, եթե մենք կարողանայինք որպես մեկ համայնք, որպես միևնույն արժեքը կիսող և միևնույն նպատակին ծառայող համքարություն միասին և կազմակերպված արձագանքել այս մարտահրավերներին»:

Վարչապետի տիկինը նշել է, որ ինքը փորձելու է ժամանակն օպտիմալ օգտագործել և այցի ընթացքում հնարավոր է չկարողանա ամբողջությամբ մասնակցել համագումարի աշխատանքներին. «Ես համագումարի հետագա աշխատանքներին չեմ կարող մասնակցել, կարծում եմ հարգելի պատճառներով, որովհետև ի հեճուկս մեր բազմաթիվ լրատվամիջոցներում տարածվող լուրերի, թե ես սիրում եմ արտասահմանյան վոյաժներ անել, յուրաքանչյուր արտասահմանյան այցի ժամանակ աշխատում եմ առավելագույն օպտիմալ օգտագործել ժամանակը և շատ բան հասցնել անել: Եվ այս այցն էլ բացառություն չէ։ Ինչպես արդեն գիտեք, ունեմ հագեցած ծրագիր․հանդիպում Լիբանանի նախագահի տիկնոջ հետ, այցելություն Լիբանանում առաքելություն իրականացնող մեր խաղաղապահներին»:

Աննա Հակոբյանը առաջարկել է մի փաստաթուղթ ընդունել, որով համագումարը կդառնա ամենամյա և դրանով կօգնեն, որ մամուլի ներկա վիճակը ավելի լավանա, քանի որ, ըստ Հակոբյանի, այսօր մամուլը կորցերլ է իր բուն առաքելությունը և անում է ամեն ինչ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթի ու հաճոյանա ֆինանսավորողներին:

«Այսօր արդեն հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում մժողովրդի և պետության հետ, այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները և եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու։ Իսկ դա հղի է մեծ վտանգներով, որովհետեւ այս լսարանում չէ, որ պետք է ընդգծել, թե ինչ կարևոր դերակատարություն ունի մամուլը որևէ երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում։ Ուզում եմ սակայն հատուկ ընդգծել, որ ես որպես վարչապետի տիկին և որպես հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիր, հայաստանյան լրագրողական համայնքին առաջարկում եմ իմ անմնացորդ ծառայությունները մեր համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Որովհետև մեր դաշտում գոյություն ունեցող ցանկացած խնդիր ես համարում եմ իմ անձնական խնդիրը»,-նշել է վարչապետի տիկինը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: