Հայերեն   English   Русский  

«Փաստ». ՀՊՏՀ ռեկտորի ժամկետը լրացել է, բայց ո´չ նոր ժ/պ կա, ո´չ էլ մրցույթ է հայտարարված. Պատճառը հայտնի է


  
դիտումներ: 1065

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի

վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորությունները դադարեցված չեն, եւ նա շարունակում է գալ աշխատանքի

Ավելին, հայտարարված չէ նաեւ ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անորոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: ԿԳՄՍ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչ կառավարությունը կնշանակի ռեկտորի նոր ժ/պ, ներկայիս պաշտոնակատարը ամբողջական իրավասություններ ունի շարունակելու իր գործունեությունը. «Այս մասով որեւիցե խանգարող հանգամանք չկա»: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա, ըստ Սուքիասյանի, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել, քանի որ համալսարանում գործընթաց է սկսվել:

«Մասնավորապես՝ տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, եւ հիմա այն վերակազմավորման փուլում է, որպեսզի դառնա հիմնադրամ, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը: Սրանով պայմանավորված՝ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել:

Նախագիծն արդեն պատրաստ է: Մի քանի շաբաթ առաջ տեղի է ունեցել տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որում առաջարկվել է նոր կանոնադրությունը՝ կազմակերպաիրավական ձեւի փոփոխությամբ, եւ ուղարկվել է մեզ: Մոտ օրերս այն սահմանված կարգով կշրջանառենք: Հետո կձեւավորվի հոգաբարձուների նոր խորհուրդ, կհայտարարվի մրցույթ եւ կկազմակերպվեն մնացած հարցերը: Հիմա ռեկտորի պաշտոնի մրցույթ չհայտարարելը բացառապես սրա հետ է կապված»:

Նոր ժ/պ-ի նշանակման մասին էլ վարչության պետն ասաց. «Փաստաթուղթը կուղարկվի կառավարություն: «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջով՝ կառավարությունը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնակատար: Կառավարությունը կնշանակի՞ գործող պաշտոնակատարին, թե՞ այլ անձի, հայտնի կլինի առաջիկա 2 ամսվա ընթացքում: Դա օրենքի պահանջ է: Ամեն դեպքում՝ բուհում պետք է լինի լիազորված անձ, որը կազմակերպելու է դրա բնականոն գործունեությունը»:

Սակայն մեզ հետ զրույցում իրավաբանները նշում են, որ լիազոր մարմինը, այսինքն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, փաստացի թույլ է տվել, մեղմ ասած, անփութություն, քանզի առկա վիճակում ո՛չ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը երեք ամսով երկարաձգելու, ո՛չ էլ մեկ տարով ժ/պ նշանակելու նորմերը չեն գործում, քանի որ առաջինը վերաբերում է մրցույթ հայտարարված լինելու եւ այն չկայանալու պարագային, իսկ երկրորդը՝ նոր ստեղծված կամ վերակազմակերպված (ոչ թե վերակազմակերպվող) միավորներին:

Փաստացի, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, լիազոր մարմինը պարտավոր էր մրցույթ հայտարարել: Ուստի, ըստ մասնագետների, արդեն իսկ տեղի է ունեցել օրենքի խախտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: