Հայերեն   English   Русский  

​Ում շահերն են սպասարկում հասարակական կազմակերպությունները


  
դիտումներ: 584

Երեկ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (Ալգ ՔՀՖ) ազգային պլատֆորմի անդամ մի քանի հասարակական կազմակերպություններ

(Երևանի մամուլի ակումբ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան ասոցիացիաև «Ազատ քաղաքացի») «Հայաստանի դատական համակարգում արմատական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ» խորագրով հայտարարության նախագիծ են մշակել և տարածել ստորագրության համար:

Հայտարարությունն ուղղված էՀՀ նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին և դատավորներին, միջազգային բոլոր կառույցներին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և փորձագիտական հանրությանը:

Հայտարարության նախաբանում հեղինակները, հայտնելով «խորը մտահոգություն ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ», արձանագրում են. «Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը, չեն վայելել հանրության վստահությունը, չեն բավարարել քաղաքական և կուսակցական ազդեցությունից զերծ` անկախ,անաչառ և հեղինակավոր դատական իշխանության չափանիշներին, տարիներ շարունակ գործադիր իշխանության և իշխող քաղաքական ուժի ձեռքում ծառայել են որպես պետության զավթման կարևոր գործիք»: Իսկ Սահմանադրական դատարանի անդամներին կոչ են անում. «…[Խ]նդրին մոտենալ ոչ թե նեղ անձնային կամ խմբային շահերից ելնելով, այլ Սահմանադրական դատարանի լեգիտիմության և հեղինակության վերականգնման և օրինակարգության պահպանման անհրաժեշտության գիտակցմամբ` կարևորելով հանրության շրջանում առկա խորը անվստահությունը, դրանով իսկ հնարավորություն ստեղծելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համար»: (Այս և հետագա ընդգծումները մերն են:)

Այսպիսով հայտարարության հեղինակներն իրենց խորը մտահոգությունը և սույն նախաձեռնությունը փաստարկում են Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրության խորը անվստահությամբ: Հարց է ծագում՝ ի՞նչ նկատի ունեն՝ «հանրություն» ասելով, հանրապետության ողջ բնակչությա՞նը, որոշ քաղաքական ուժերի՞ն, թե՞ նրա որոշ հատվածին կամ հատվածներին, օրինակ՝ «ֆեյսբուքահայությանը»: Եթե անվստահություն կա տվյալ հասարակական կազմակերպություններում, խնդիր չկա, քանի որ յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունք ունի: Այդ դեպքում նրանց կոչը ընդունելի կլիներ, եթե հանդես գային իրենց անունից: Ո՞վ և ինչի՞ հիման վրա է իրավունք տվել նրանց հանդես գալու մեր երկրի այսպես կոչված «հանրության» անունից: Հանրաքվե՞ է արվել, թեկուզ՝ սոցիոլոգիական հարցում:

Երկրորդ՝ ասվում է հանրության՝ տարիներ ի վեր գոյություն ունեցող անվստահության և Սահմանադրական դատարանի՝ որպես պետության զավթման կարևոր գործիք ծառայելու մասին, սակայն չի նշվում՝ ո՛ր տարիներից, 1996-ի՞ց, երբ ձևավորվեց այն, 2005-ի՞ց, թե՞ 2015-ից: Միաժամանակ նշվում է Սահմանադրական դատարանի լեգիտիմության և հեղինակության վերականգնման անհրաժեշտությունը: Կնշանակի, ըստ այս հայտարարության հեղինակների, եղել է ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը լեգիտիմ և հեղինակավոր է եղել: Ե՞րբ: Գուցե 1996-ի՞ն, երբ Սահմանադրական դատարանը չեղյալ չհամարեց 1996 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և մերժեց ընդդիմության դիմումը՝ այդպիսով փաստացի օրինականացնելով Լ.Տեր-Պետրոսյանի կողմից իշխանության զավթումը: Գուցե 2017-ի՞ն, բայց եղե՞լ է այդ ժամանակ իշխանության զավթում, եղե՞լ է ընտրությունների արդյունքների բողոքարկում, որը քննության է առել Սահմանադրական դատարանը: Եթե այսպիսի պատասխանատու հայտարարություն են անում «իշխանության զավթում» հանցավոր երևույթի մասին, ապա հեղինակները և դրա տակ ստորագրողները պարտավոր են որոշակի փաստաթղթերի հղումներով նշել, թե հատկապես ինչ որոշումների մասին է խոսքը:

Եթե տվյալ հասարակական կազմակերպություններն այդքան ճակատագրական նշանակություն են վերագրում հանրության անվստահությանը, ապա նույն բանը կարելի է ասել նաև իրենց՝ հասարակական կազմակերպությունների առնչությամբ: Ինչպես իրենք են ասում, տարիներ ի վեր անընդհատ մամուլում արծարծվել են ՀԿ-ների հասցեին «գրանտակերության» և օտար կառույցներին ծառայելու վերաբերյալ կշտամբանքները (կարելի է հղումների մի ամբողջ ցանկ ներկայացնել): Բայց ինչո՞ւ հեռու գնանք, հենց հիմա էլ նրանց դեմ պերմանենտ բողոքի ցույցեր են ընթանում, ուրեմն ինչո՞ւ հիշյալ կազմակերպություններն ականջալուր չեն լինում «հանրության» ձայնին և չեն ինքնալուծարվում:

Երրորդ՝ հայտարարության հեղինակները նախաբանում գրում են. «2015 թ. դեկտեմբերի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունները, լեգիտիմության հետ կապված բոլոր ավանդական խնդիրներով հանդերձ, հասարակության կողմից արդարացիորեն ընկալվեցին որպես իշխող վերնախավի կողմից ձևավորված արատավոր համակարգի հավերժացման փորձ»: Լավ, ընդունենք, որ նախորդ իշխանությունները փորձեցին հավերժացնել իշխող վերնախավի ձևավորած արատավոր համակարգը, բայց հիմա նրանք չկան, ինչո՞ւ է ներկայիս իշխող վերնախավը հավերժացնում այն՝ չստանձնելով իր խոստումի իրականացումը՝ Սահմանադրության փոփոխությունը, այլ իր հոգսը համարում է միայն դատական իշխանության «վիրահատումը»:

Չորրորդ. «2018 թվականի քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանը մտավ կարևոր անցումային շրջան, որի նպատակն ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական համակարգ անցումն էր։ Այս անցումային շրջանի առաջին երկու փուլերում ժողովրդի ճնշմամբ ու քվեով ձևավորվեցին իշխանության նախ` գործադիր, ապա` օրենսդիր ճյուղերը։ Բնականաբար, հաջորդ փուլում ենթադրվում է դատական համակարգի լեգիտիմացում, երրորդ իշխանության մաքրում կոռուպցիոն երևույթներից, նախկին իշխող ռեժիմի քաղաքական և տնտեսական շահերն սպասարկողի կարգավիճակի վերացում»,- գրում են մեր փառապանծ հասարակական կազմակերպությունները:

Մի՞թե նրանք հավատում են, որ ավտորիտար համակարգից անցնում ենք ժողովրդավարական համակարգի, երբ թե՛ գործադիր իշխանությունը, թե՛ օրենսդիր իշխանությունը բառի բուն իմաստով պատկանում են մի մարդու, քանի որ ենթակա են նրա կամքին՝ անվերապահորեն ընդունելով, հաստատելով ու կատարելով նրա յուրաքանչյուր մտահղացումն ու ցանկությունը որպես վերին ճշմարտություն: Եվ հիմա պարզվում է, որ նրան պիտի ենթարկվի նաև դատական իշխանությունը, որպեսզի որևէ հակակշիռ չմնա այս երկրում, որպեսզի դատական իշխանությունը կայացնի միայն այնպիսի որոշումներ ու վճիռներ, որոնք կբխեն ոչ թե օրենքից, այլ վարչապետի անձնական նախասիրություններից: Հիշեք՝ «Կա՞ մի դատավոր, որը…»: «Լեգիտիմացում» ասելով, ուրեմն, ի՞նչ են հասկանում, ազատվել այն դատավորներից, որոնք համարձակվում են առաջնորդվել օրենքով և «չէ» ասել վարչապետի՞ն: Սրա՞ն են ձգտում մեր հասարակական կազմակերպությունները, որոնք իբրև թե մեր հասարակության ամենաառաջադեմ հատվածն են: Հնարավո՞ր է պատկերացնել մի պետություն, թեկուզ իդեալական, որի քաղաքացիական հասարակությունն այսպես տառ առ տառ կրկնի այն, ինչ ասում ու անում է իշխող վերնախավը:

Վերջապես, եթե նրանք այդքան շահագրգռված են, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարվի, ինչպես իրենք են նշում, Սահմանադրության ապահովման համար պատասխանատվություն կրող համապատասխան մարմինների կոնսեսուալ համաձայնության միջոցով, ապա ինչո՞ւ են ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, փորձագիտական հանրությանը կոչ անում լայն քննարկումներ նախաձեռնել ճգնաժամը հաղթահարելուց անմիջապես հետո և ոչ թե դրանից առաջ: Անըմբռնելի տրամաբանություն է:

Այսքանից հետո հարց է ծագում, եթե սույն հայտարարության հեղինակների համոզմամբ՝ ներկայիս Սահմանադրական դատարանը սպասարկում է «նախկին իշխող ռեժիմի քաղաքական և տնտեսական շահերը», ապա իրե՞նք ում շահերն են սպասարկում, ներկայիս ռեժիմի՞ քաղաքական և տնտեսական շահերը, թե՞ Հայաստանի Հանրապետության:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: