Հայերեն   English   Русский  

Ղազախստանի ներքին գործերի նախարարն առաջարկել է սահմանափակումներ մտցնել հայկական, ղրղզական և ռուսական համարանիշերով մեքենաների համար


  
դիտումներ: 123

Ղազախստանի Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը ներկայացրել է երկրում հայկական, ղրղզական և ռուսական համարանիշերով մեքենաների երթևեկը սահմանափակելու պլանների մասին որոշում, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։

«Բողոքները շատ են այն մեքենաներից, որոնք գրանցված են Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տարածքում, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները»,- տեղեկացրել է Երլան Տուրգումբաևը։

Նրա խոսքով՝ հարևան երկրների համարանիշերով մեքենաների հանդեպ միջոցներ ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտը Ղազախստանի տարածքում գրանցված չէ։

«Նրանք զբաղվում են ձեռներեցությամբ՝ ուղևորներ են փոխադրում։ Մենք առաջարկում ենք սահմանափակումներ և պարտադիր ժամանակավոր գրանցում մտցնել այն մեքենաների համար, որոնք գալիս են մեր հանրապետություն ավելի քան 10 օր օգտագործվելու համար։ Եթե այն տարանցիկ է, կարող է 10 օրում հատել երկրի տարածքը։ 10 օրից հետո տրանսպորտը պետք է ժամանակավոր գրանցում ստանա։ Ինչպես նաև պետք է արգելք մտցնել Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այդ տրանսպորտային միջոցների օգտագործման համար՝ ուղևորներ, ուղեբեռ և բեռ տեղափոխելիս»,- ասել է նախարարը։

Վարչական ոստիկանության կոմիտեում տեղեկացրել են, որ ներկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների պարտադիր ժամանակավոր գրանցում մտցնելու հարցը քննարկվում է պետական մարմինների եւ հասարակական միավորումների կողմից։ Ընդ որում՝ դրա իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ փոփոխություններ մտցնել «Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքում։ Դրական որոշման դեպքում հարցը կմտցվի ՂՀ խորհրդարան՝ քննարկման։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: