Հայերեն   English   Русский  

Եվրոպան, վերջիվերջո, կին է.Դոնալդ Տուսկ


  
դիտումներ: 673

Աղմկոտ և երբեմն քաղաքականապես ոչ այնքան պատշաճ բանակցություններից հետո վերջապես որոշվեցին եվրոպական գլխավոր ինստիտուտների նոր հնարավոր ղեկավարները: Եվրահանձնաժողովի՝ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնի անվանակարգը բաժին հասավ գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:

«Եվրոպական ինսիտուտների բարձունքում տղամարդկանց 60-ամյա իշխանությունից հետո կանայք բարձրագույն պաշտոններ են զբաղեցնելու Եվրահանձնաժողովում»,- ակներև բավականությամբ գրում է Guardian-ը:

Ազատական թերթի հրճվանքից անմասն չեն նաև քաղաքական ծանրքաշայինները: Եվրահանձնաժողովի հեռացող ղեկավար Դոնալդ Տուսկն ասել է. «Ես շատ գոհ եմ: Եվրոպան, վերջիվերջո, կին է*: Կարծում եմ՝ սպասումն արժեր այս արդյունքին»: Անգելա Մերկելը նշել է, որ այդ պաշտոնում կնոջ նշանակումը լավ նշան է:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունում, որը մինչ այս ղեկավարում էր ֆոն դեր Լյայենը, նույնպես ցնծում են, բայց բոլորովին ուրիշ պատճառով:

Գինեկոլոգիայից՝ քաղաքականություն

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը 60 տարեկան է, յոթ երեխաների մայր: Ծնվել է Բրյուսելում, սակայն 13 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա: Սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, բայց հետագայում մասնագիտացել է բժշկության մեջ և դարձել գինեկոլոգ: Բացի գերմաներենից, ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն:

Ֆոն դեր Լյայենը քաղաքականություն է մտել, երբ արդեն 40-նն անց էր, սակայն շատ արագ առաջ է գնացել: Քաղաքական կարիերան սկսվել է Ներքին Սաքսոնիայի խորհրդարանում, իսկ 2005 թ. նա ղեկավարել է ընտանիքի, կանանց, երիտասարդության և ծերերի հարցերի նախարարությունը Մերկելի առաջին կաբինետում: Հաջորդ կաբինետում նրան բաժին հասավ աշխատանքի նախարարության աթոռը, իսկ 2014 թ. ֆոն դեր Լյայենը դարձավ առաջին կին պաշտպանության նախարարը:

Զինվորական միջավայրը պահպանողական է: Ի հեճուկս ֆեմինիստուհիների՝ այն գերազանցապես բաղկացած է տղամարդկանցից: Բնական է, ուրեմն, որ ֆոն դեր Լյայենի համար հեշտ չի եղել այնտեղ:

Սկզբում Բունդեսվերի բոլոր խնդիրները նա վերագրում էր նախորդ ղեկավարներին, բայց նախարարի ղեկին գտնվելու հինգ տարուց հետո այդ փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն թվում:

Նրան չհաջողվեց լեզու գտնել ուսադիրներով մարդկանց հետ, ինչպես ասում են նրա նախկին օգնականները, մեծ մասամբ ղեկավարման ոճի պատճառով: Զինվորականների հետ հանդիպումները հաճախ վերածվում էին ֆոտոսեսիայի, որը պատկերում էր պաշտպանության նախարարին դրամատիկ կեցվածքով ռազմական տեխնիկայի խորապատկերում:

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-2

«Բունդեսվերի աղետալի վիճակը»

Այսպես է նկարագրել բանակի վիճակը ֆոն դեր Լյայենի թեկնածության հաստատման նախօրեին պաշտպանության նախկին (Հելմուտ Կոլի օրոք) նախարար Ռուպերտ Շոլցը:

Սարքին տեխնիկայի քանակությունը Բունդեսվերում սրընթաց կրճատվում է: Ամեն ինչ չի բավականացնում՝ սկսած հանդերձասարքից մինչև ներքնազգեստը: Կառավարությունը որոշել է հանել սպառազինությունից հրազենի հիմնական միավորը՝ Heckler & Koch's G36 ինքնաձիգը, քանի որ պարզվել է՝ փողի թեթևակի տաքանալուց իսկ արդեն հնարավոր չէ դրանով ճիշտ թիրախին կրակել:

2019 թ. հունվարին (այսինքն՝ Գերմանիայի հետպատերազմյան պատմության մեջ պաշտպանության ծախսերի ամենամեծ բարձրացումից երկու տարի անց էլ, որոնք, միևնույն է, չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին) Բունդեսթագում զեկույց է ներկայացվել բանակում տիրող իրավիճակի հարցերի մասին:

Պարզվել է, մասնավորապես, որ Աֆղանստանում գերմանացի զինվորականները ստիպված են քաղաքացիական ուղղաթիռներ օգտագործել, չեն հերիքում զրահաբաճկոնները, որոնք ստիպված են փոխ առնել ուրիշ երկրների զինվորականներից:

Ամենից ծանր վիճակում տեխնիկան է: Հաճախ տանկերի, ինքնաթիռների և ռազմանավերի մոտ կեսը պատրաստ է եղել օգտագործման համար, լինի օպերատիվ թե վարժանքների նպատակով, սակայն նոր տեխնիկայի մատակարարումը ձգվել է տարիներով:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Բունդեսվերի խնդիրները հիմնականում կապված են ոչ թե միջոցների սղության, այլ ծաղկող բյուրոկրատիայի հետ, որը չկարողացավ հաղթահարել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Սակայն պաշտպանության նախարարության հաշվապահությունն էլ մի լավ վիճակում չէ: Ֆոն դեր Լյայենին մինչ օրս հիշեցնում են, որ «Գորհ Ֆոք II» ուսումնական առագաստանավի վերազինման համար, որը կառուցվել է դեռ 1958 թ., ծրագրված 10 միլիոն եվրոյի փոխարեն ծախսվել է 135 միլիոն: Դրան զուգահեռ հյուսվել են բանակում ծայրահեղ աջ կողմնորոշման աճի մասին պատմությունը և սեքսուալ ոտնձգությունների շուրջ սկանդալը: Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Բունդեսվերը տառապում է տարբեր մակարդակների թույլ ղեկավարությունից: Դժվար չէ ենթադրել, որ զինվորականների շրջանում դա չավելացրեց նրա ժողովրդականությունը:

Պաշտպանության նախարարությունը չխուսափեց նաև մասնավոր խորհրդատվական ֆիրմաների հետ միլիոնավոր եվրոյի պայմանագրեր կնքելիս պետական գնումների կանոնների խախտման մեղադրանքից: Այժմ դրանք հետաքննում է խորհրդարանական հանձնաժողովը, և դատելով վկաների պատմություններից՝ այդ մեղադրանքները զուրկ չեն հիմքից:

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-3

Քաղաքական շփումները

Ընդդիմությունը քանիցս հորդորել է նրան հրաժարական տալ, սակայն Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի իջել թամբից:

Նա հաճախ է հայտնվում հեռուստատեսությունում հմայիչ տեսքով, սակայն սկանդալները նկատելիորեն վնասել են նրա քաղաքական հեղինակությունը: Մեկ-երկու տարի առաջ նա գրեթե համարվում էր Անգելա Մերկելի հավանական թեկնածուն պետության ղեկավարի պաշտոնում, այսօր նույնիսկ չի մտնում ամենաճանաչված քաղաքական գործիչների տասնյակը:

«Ֆոն դեր Լյայենը մեր ամենաթույլ նախարարն է: Ակնհայտորեն դա բավական է, որպեսզի դառնա Եվրահանձնաժողովի ղեկավար»,- գրել է իր թվիթերում Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը:

Իհարկե, Շուլցը մրցակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է: Իսկ քրիստոնյա դեմոկրատները նախընտրում են բացահայտ չքննադատել պաշտպանության նախարարին՝ փոխարենը մատնանշելով նրա ղեկավարած պաշտպանության նախարարությունում և առհասարակ բանակում տիրող անմխիթար վիճակը:

Գերմանական մամուլի գնահատականներով Բեռլինում ուրախ կլինեն պաշտպանության նախարարին ուղարկել Բրյուսել՝ հեռու ներքին քաղաքականությունից: Անգելա Մերկելը պատրաստվում է հեռանալ և իր պաշտոնը թողնել անձամբ ընտրած հետնորդին՝ Աննեգրետ Քրամփ-Կարրենբաուերին:

Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի հայացքներն այժմ հազիվ թե ընդունելի լինեն Եվրոպայի շատ երկրներում: Ֆոն դեր Լյայենը Եվրոպական միության ավելի մեծ դաշնության և ընդհանուր եվրոպական բանակի կողմնակից է՝ ԳԴՀ-ի կամ Շվեյցարիայի օրինակով: Շատ եվրոպական երկրներում նրա առաջադրումն ընկալվում է որպես Գերմանիայի և Ֆրանսիայի անդրկուլիսյան գործարքի արդյունք, մի բան, որ նույնպես չի նպաստում ֆոն դեր Լյայենի ժողովրդականությանը:

Այսպես թե այնպես նոր թեկնածուների նշանակմանը դեռ պետք է հավանություն տա վերջերս նորացված Եվրախորհրդարանը:

Աղբյուրը՝ BBC

* «Եվրոպա» հունարեն նշանակում է «արևմուտք»։ Եվրոպա անունը ծագել է հին հունական դիցաբանութան հերոս, փյունիկյան թագուհի Եվրոպայի անունից, որին փախցրել էր Զևսը։ Հին հույներն այդպես էին անվանում Հունաստանից արևմուտք ընկած տարածքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: