Հայերեն   English   Русский  

​Մտորելու անհրաժեշտությունը


Խոսրով Հարությունյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 171

Բոլորովին վերջերս ցանկություն զգացի մեկ անգամ ևս անդրադառնալ ֆրանսիացի էկոնոմիստ, պետական գործիչ, հրապարակախոս Ֆրեդերիկ Բաստիայի (1801--1850) ‹‹Օրենքը›› ստեղծագործությանը:

Նրա ստեղծագործությունների մեծ մասը գրվել է 1848թ. փետրվարյան հեղափոխությունից անմիջապես առաջ կամ հետո:

‹‹Օրենքը›› գիրքը հրապարակ է դուրս եկել 1850թ. և արդեն մեկ ու կես դար նույքան ակտուալ է և ընթեցվող, որքան 19-րդ դարի կեսերին:
Ստեղծագործության մեջ հեղինակը անդրադառնում է հանրային կյանքում օրենքին վերապահված դերակատարման քաղաքական- իրավական-հասարակական ամենատարբեր ասպեկտներին և նրանք համարյա թե բոլորն էլ այսօր արդիական են:
Ուստի հարկ եմ համարում իմ ընկերներին և ՖԲ օգտատերերին ներկայացնել (ռուսերենից իմ թարգմանությամբ) վերը նշված գիտական աշխատության մի փոքր հատված, ինչն, ըստ իս, որոշ վերապահումներով շատ հատկանշական է մեր այսօրվա հանրային իրականությանը և պետք է որ մտածող մարդուն մտորելու տեղիք տա:

Ֆրեդերիկ Բաստիա- Օրենքը.

‹‹Բարգավաճաում և թալան

Մարդը կարող է ապրել և բավարարել իր կարիքները՝ բացառապես անդադար աշխատելու պարագայում, անդադար գործադրելով իր ունակությունները կյանքն ապահովող բնության հնարավորությունների հանդեպ:

Բայց նույնքան ճշմարիտ է այն, որ մարդը կարող է ապրել և բավարարել իր սեփական կարիքները հափշտակելով և օգտագործելով ուրիշի աշխատանքի արդյունքները:

Եվ քանի որ մարդն ունի անհարմարություններից խուսափելու բնական հակվածություն, իսկ աշխատանքը որպես այդպիսին պահանջում է նաև որոշակի անհարմարությունների հաղթահարում, ապա մարդիկ համարյա միշտ կդիմեն հափշտակելուն կամ թալանին, երբ թալանելն ավելի հեշտ կլինի քան աշխատելը: Մարդկության պատմությունը դրա բազմաթիվ ապացույցներն ունի, ընդ որում նման դեպքերում ո՛չ կրոնը, ո՛չ բարոյական նորմերը անկարող են դրա դեմն առնել:

Իսկ ե՞րբ կարող է դադարել թալանը: Թալանը կդադարի, երբ հափշտակելը դառնում է նվազ հարմար կամ ավելի վտանգավոր, քան աշխատանքը: Ուստի օրենքի գլխավոր նպատակը պետք է լինի հանրային կյանքում բացառել ‹‹հափշտակել, այլ ոչ թե աշխատանքով ապրել›› չարաբաստիկ տենդենցը:

Օրենքը կոչված է բոլոր միջոցներով պաշտպանել սեփականությունը և պատժել թալանը:

Օրինականացված թալանի զոհերը

Բնական է, որ մարդիկ ընդվզում են այն անարդարության դեմ, որի զոհն են իրենք դառնում՝ փորձելով, խաղաղ կամ հեղափոխական միջոցներով, իրենց անմիջական մասնակցությունն ապահովել օրինաստեղծ պրոցեսում:

Կախված կրթվածության մակարդակից հանրության այդ հատվածը իշխանության գալու պարագայում կարող է հետապնդել հետևյալ երկու, միմյանցից տարբերվող, նպատակներից մեկը՝ կամ կասեցնել թալանը կամ դառնալ դրա մասնակիցը:

Վայ այն ազգին, եթե ունեզրկվածների մեջ գերիշխում է այդ վերջին նպատակը››:

Համաձայն եք, որ մտորելու տեղ կա:

Հ.Գ. Ի՞նչ է երազում ստրուկը: Ոմանք համոզված են, որ ստրուկը երազում է ազատության մասին: Իրականում ստրուկը երազում է ստրուկ ունենալու մասին: Ստրուկը իրավական-հասարակական կարգավիճակ չէ, ստրուկը՝ ինստիտուտ է, իրեն բնորոշ հոգևոր-ինտելեկտուալ բովանդակությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: