Հայերեն   English   Русский  

Այսօր երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության օրն է


  
դիտումներ: 99

Այսօր՝ հուլիսի 5-ին Հայաստանում նշում են երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության օրը:

Այն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով, ապա երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին:

Չնայած վերջին շրջանում Սահմանադրության և Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված լարված մթնոլորտին՝ այնուամենայնիվ Սահմանադրությունը շարունակում է մնալ համար առաջին օրենքը Հայաստանում:

Սահմանադրության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է. «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով և դուխով:

Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը»:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս ապագայում կանխատեսել է սահմանադրական նորմերի պահպանման նոր օրինակներ:

«Շնորհավորում եմ Սահմանադրության օրը:

Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար:

ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունքը և դա արձանագրվում է գործնականում:

ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և գործնականում համոզվում հավաքագրված միջոցների հանրօգուտ նպատակներով ծախսման մեջ:

Հանրությունը համոզվում է, որ իրենց անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:

Ցանկը կարելի է շարունակել, իսկ առջևում սահմանադրական նորմերի էությունը ընկալելի դարձնելու նոր օրինակներ են լինելու»,-գրել է նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: