Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս կարելի է փակել հայկական դպրոցը․ կիպրահայերը բողոքի ցույց են արել


  
դիտումներ: 1044

Հուլիսի 3-6-ը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է գտնվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայ խորհրդարանականները երեկ երեկոյան այցելեցին Կիպրոսի հռչակավոր «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը 2005 թվականից չի գործում:

Հատուկ այս այցի համար կիպրահայերը կազմակերպել էին բողոքի ցույց` ընդդեմ ՀԲԸՄ կողմից դպրոցի փակման որոշման: Ցուցարարները, որոնց կազմում կային նաեւ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մելքոնյանցիներ, նշում էին, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալում են նաեւ հեղափոխություն Սփյուռքում, եւ չի կարելի թույլ տալ Սպիտակ եղեռնի իրականացումը:

Բողոքի ցույց Կիպրոսում

«Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է, ինչպե՞ս կարելի է փակել հայկական դպրոցը, որի կարիքը ոչ միայն համայնքը, այլեւ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող տարածաշրջանն այդքան ունի»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Ազդեցիկ ելույթով հայ պատգամավորներին դիմեց «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հիմնադիր նախագահ Արսինե Շիրվանյանը, որի խոսքն ամբողջությամբ հայկական կրթական հաստատությունների, հայ ինքնության պահպանման, հզորացման ու այդ ուղղությամբ աննահանջ պայքարի կոչ էր` ուղղված ամբողջ աշխարհի հայերին:

Պատվիրակության անդամները իրենց համակրանքը հայտնեցին պայքարող հայրենակիցների զգացմունքների նկատմամբ ու խոստացան է՛լ ավելի խորամուխ լինել հարցի լուծման տարբերակների մեջ` ընդգծելով, որ դպրոցի հարցը հայկական օրակարգում է:

Նշենք նաեւ, որ բողոքի ցույցին մասնակցում էին նաեւ եղբայրական Կիպրոսի տարբեր պաշտոնյաներ, հայտնի կուսակցությունների նախագահներու պարզապես Մելգոնեանի հարգն ու արժեքը իմացող քաղաքացիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: