Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 266

Անցնող շաբաթի առաջին օրվա գլխավոր հերոսները, անտարակույս, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը,

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանը և Եվրոպական խաղերին մասնակցած մեր մարզիկներն էին:

Այդ և հաջորդ օրերին տարբեր մեկնաբանությունների առարկա դարձան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտի, ներկուսակցական խմորումների, պատգամավորի մանդատը վայր դնելու մասին լուրերի վերաբերյալ լրագրողների հարցերին Սասուն Միքայելյանի տված պատասխանները: Բավական ուշագրավ էր նրա հետևյալ դիտարկումը. «Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»:

Տպավորություն ստեղծվեց, որ ոչ միայն հասարակայնությունը, այլև «Իմ քայլը» խմբակցությունն էլ չհասկացավ, թե ինչու իրենց իսկ կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանը չընտրվեց: Չէ՞ որ դրա համար բավական էին միայն խմբակցության ձայները: «Իմ քայլի» միաձայնությունն այս դեպքում փաստացի ճաք տվեց:

Հուլիսի 1-ը նաև Դատախազության օրն էր, և այդ առիթով ոմանք պարգևատրվեցին: Եվ այդ պարգևատրումների շարքում հանրության ուշադրությունը հատկապես գրավեց Մարտի 1–ի գործով դատախազ Կարեն Բիշարյանի պարգևատրումը ԱԺ նախագահի կողմից։

Նախորդ օրը լրացել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակը: Եվ մեծ աղմուկ հանեց նրան նվիրված երգը Ավետ Բարսեղյանի խոսքերով և Ռազմիկ Ամյանի կատարմամբ հատկապես իշխանամետ շրջանակներում:

Այդ օրը Հայաստանի մարզասերները մեծ ցնծությամբ դիմավորեցին եվրոպական խաղերում հաղթանակ տարած մեր մարզիկներին, որոնք վերադարձել էին մեծ ավարով. 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Շաբաթվա ընթացքում շարունակվեց Մանվել Գրիգորյանի դատավարությունը: Նա առաջվա պես դատարան էր գալիս բժիշկների ուղեկցությամբ, անվասայլակին և թթվածնային սարքով: Հերթական անգամ նրա փաստաբանը միջնորդեց հաշվի առնել նրա առողջական վիճակն ու 10 միլիոն գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը և դարձալ մերժում ստացավ:

Լիբանանում տեղի ունեցած Հայ մամուլի համահայկական համագումարում ելույթ ունեցավ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հերթական աղմկահարույց հայտարարությունն արեց. «Հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ»:

Հաջորդ և հետագա օրերին օրակարգում մնաց օրենքով գող, հանցավոր աշխարհում «Անդո Խրոմոյ» կամ «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Հայաստանում վերջին անգամ քրեական աշխարհի պարագլխի սպանություն էր կատարվել 10 տարի առաջ:

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով հայտարարեց, որ որոշել է Սահմանադրության օրվա առիթով կոչումներ շնորհել։ Սա տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, քանի որ Սահմանադրության 133–րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում զիվորական բարձրագույն կոչումներ է շնորհում հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ ՀՀ նախագահի կրավորական գործելակերպը մինչ այս մեկ անգամ չէ, որ քննարկման առարկա էր դարձել, սակայն այս դեպքում վրդովմունքի պատճառն այն էր, որ վարչապետը հարկ չհամարեց նույնիսկ ձևականությունը պահպանել:

Այս շաբաթ կրկին քննության առարկա դարձավ Սևանա լճի խնդիրը, որը կրկին կանաչեց՝ ահազանգելով ճահճի վերածվելու վտանգի և իշխանությունների ոչ բավարար գործողությունների մասին:

Շաբաթվա ընթացքում առավել քննարկվող հարցերից էր նաև այսպես կոչված Ստամբուլի կոնվենցիան վավերացնել-չվավեցնելու հարցը, որը վերաբերում է բռնության կանխարգելմանը, ներառյալ սեռական փոքրմասնությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքին: Հանրության վրդովմունքն առաջացրեց այն հանգամանքը, որ լրագրողներից մեկը սկսեց սոցիալական ցանցերը ողողել բռնության և մասնավորապես բռնաբարությունների մասին պատմություններով՝ տպավորություն ստեղծելով, որ բռնաբարությունները Հայաստանում կենսակերպի նորմ են և այդպիսով հող նախապատրաստելով կոնվենցիայի ընդունման համար, թեպետ իրավաբանները պնդում են, որ կոնվենցիայի որոշ դրույթներ հակասում են մեր Սահմանադրությանը: Իսկ «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման և պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի իր ելույթում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հույս հայտնեց, որ կոնվենցիան շուտով կվավերացվի Հայաստանի կողմից։

Հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությանը, ասաց, որ Հայաստանը հույս ունի՝ Ֆրանսիան հավատարիմ կմնա իր խոսքին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման էմբարգոյի հարցում, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ։

Հուլիսի 4-ին կառավարության շենքի մոտ ցույց արեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նրանք պահանջում էին ազատ արձակել երկրորդ նախագահին և պնդում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացնում։ Նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ դուրս արի», մինչդեռ վերջինս արդեն հանրապետություն չէր:

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, ինչպես և ամեն տարի, նշանավորվեց ոչ թե տոնականությամբ, այլ սոսկ որպես ոչ աշխատանքային օր: Սակայն այս տարվա առանձնահատկությունն այն էր, որ երկրի ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գերադասեց այդ օրն անցկացնել արտերկրում՝ Վիետնամում՝ այնտեղից ուղերձ հղելով իր հպարտ քաղաքացիներին: Եվ խորհրդանշական դարձավ այն հանգամանքը, որ այդ օրը երկրի նախորդ ղեկավարը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այցելեց Աղձք՝ Արշակունիների դաբարան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Հո Շի Մինի դաբարան:

Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը և մոտ երեք տասնակ պաշտոնյաներից և սպասարկող անձնակազմից բաղկացած շքախումբը 3 օր անցկացրեց Վիետնամում տարբեր հանդիպումներով, իսկ երեկ մեկնեց Սինգապուր:

Հունիսի 6-ին սոսկալի վթար տեղի ունեցավ Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա. բախվել էին երեք ավտոմեքենա, որոնց թվում «Գազել» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը վթարի հետևանքով այրվեց: Վեց մարդ զոհվեց և 12 մարդ տուժեց այդ վթարից:

Նույն օրը լուր հասավ, որ մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Վերջին օրերին Սյունիքի մարզում էր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախում՝ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը և Կիպրոսի Հանրապետությունում՝ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Արմեն Սարգսյանը կարևորեց Սյունիքի զարգացման ներուժը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգությունը», իսկ Արարատ Միրզոյանը՝ իր փայլուն ելույթը Կիպրոսի խորհրդարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: