Հայերեն   English   Русский  

Սրան պետք է հաջորդի նախագահի պարզաբանումը, պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանին մանդատից զրկելու հարցը. Մարգարիտ Եսայան


  
դիտումներ: 96

Այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծին՝ ասել է, որ նրան պետք է զրկեն պատգամավորական մանդատից:

««Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահի նստավայրում կանանց կողմից հրապարակված տեսանյութն առաջին հայացքից ինձ թվաց մոնտաժ է և իրականությանը չի համապատասխանում։ Սակայն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ դա իրականություն է, և շատ ցավալի է։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը, և ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը»։

Ըստ Եսայանի պետք է պարզել, թե ինչ նպատակով էին այդ անձինք մտել երկրի նախագահի նստավայր. «Ես կարծում եմ՝ այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, քանի որ վաղը այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները այստեղ գործ ունեն անելու»։

Նա վստահ է՝ այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը իրենց ամենաթողությամբ. «Սրան պետք է հաջորդի նախագահի պարզաբանումը, քանի որ սա ևս երկրի խորհրդանիշ է: Պետք է բարձրացվի այդ պատգամավորի մանդատի հարցը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երեւում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: