Հայերեն   English   Русский  

Պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ


  
դիտումներ: 126

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Փաստաբանները նշում են, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռ դիրքորոշում չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Նա ներկայումս պահվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: