Հայերեն   English   Русский  

Դատարանը ևս մեկ անգամ մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. նա կշարունակի մնալ կալանքի տակ


  
դիտումներ: 144

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը:

Պաշտպանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Պաշտպանը ներկայացրել էր ապացույցներ, այդ թվում Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ պաշտպանի՝ փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։

Դատարանը նաև որոշեց հետաձգել դատական նիստը, քանի որ պետք է Մանվել Գրիգորյանի առողջական վիճչակը ուսումնասիրելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրություններ կատարի: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: