Հայերեն   English   Русский  

Պատգամավորները մտահոգված են Սևանա լճի վիճակով. նրանց հարցերին պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարը


  
դիտումներ: 201

Այսօր՝ հուլիսի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ելույթի ընթացքում պատգամավորները նրան հարցեր ուղեցին հիմնականում Սևանա լճի ներկա վատ վիճակի հետ կապված:

«Սևանա լճի ջրի մակարդակը պետք է իջեցնել մաքրման աշխատանքներ կատարելու համար, ինչից հետո այն նորից պետք է վերականգնել: Ես նախկինում էլ եմ ասել, որ լճի մակարդակը բարձրացնելուց առաջ նախ պետք է մաքրման աշխատանքներ կատարել»,-Գրիգորյանին դիմելով ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը։

Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ Սևանի ջրի մակարդակը ոչ միայն չպետք է իջեցնել, այլև անհրաժեշտ է բարձրացնել այն. «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման աշխատանքներն իրականացվում են որքան հնարավոր է արագ։ Եթե մինչ այդ մաքրման աշխատանքները տարեկան 80 կամ 100 հեկտար էին ընդգրկում, ապա հիմա, վարչապետի ապարատի մասնակցությամբ, մաքրման աշխատանքները կիրականացվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ երկու տարիներին և կընդգրկեն 770 հեկտար տարածք»։

ԲՀԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու հարցը չեն քննարկում Կառավարությունում, և թե ով է հիմնական մեղավորը կենդանիների, ձկների անկման, ջրի վատ որակի համար:

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ պատասխանատվությունը նախ իր վրա է ընկնում, քանի որ ինքն է նախարարի պաշտոնը զբաղեցնում: Հետո նշեց, որ իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզում կովերի անկումը կապ չունի ջրի հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք Սևանի վիճակի շուրջ ուսումնասիրություններ կատարվել է։

«Դուք ասում եք՝ եթե Սևանի մակարդակը բարձրացնեք, կանաչը կվերանա, այնտեղ կա, որ 2, 3, 5 կիլոմետր խորությամբ այդ կանաչը կա, պլյուս դրան անցած տարի նույն դեպքը եղել է, անցած տարի փորձաքննություն արվե՞լ է, թե ինչի հետևանք էր, անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ։ Ուզում եմ ասել՝ էդ բարձրացնելը ուրիշ նշանակություն ունի։ Իմ պատկերացմամբ դա անտառից է, որ անտառահատում չարեցինք, լրիվ չմաքրեցինք տարածքը, տորֆի շերտ է, թե չէ թունավորում չի, եթե այդպես է, ձկներն էլ կսատկեին»,–հարցրեց Սասուն Միքայելյանը։

Ի պատասխան Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Սևանա լճի մակարդակը բարձրացնելը կարևոր է վիճակը բարելավելու համար. «Այս պարագայում քանակն էական ազդեցություն ունի որակի վրա, քանակը իրականում սառը շերտը ապահովելու համար է։ Դա ջրի տակ, ջրի տակի շերտը, որը չի թողում բուսականությունն աճի և ճահճային վիճակի գա։ Մենք նաև ջրածածկման տարածքի ուսումնասիրություն ենք արել, որ տեղ կա 5-10 սմ բարձրանա և ափը առաջ գա, այս ուսումնասիրությունններն իրականացվում են։ Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է անտառատնկում իրականացվի, որովհետեւ անտառները, որ կան, նաեւ պահում են նույն ֆոսֆորային նյութերը, որ չգան։ Բայց միանշանակ է, որ պետք է մակարդակը բարձրացվի»։

Իր ելույթում Գրիգորյանը տեղեկացրեց, որ Դատախազությունը քրեական գործ է հարուցել ջրօգտագործողների ընկերության կողմից կեղծ փաստաթղթերի տրամադրման փաստով։ Գրիգորյանը հիշեցրեց, որ պետությանը հասցվել է 2,8 մլրդ դրամի վնաս։

«Եթե չեմ սխալվում, հարուցվել է քրեական գործ Արփա-Սևան թունելի մասով։ Դրա արդյունքներով պարզ կդառնա, թե որքան բարեխղճորեն են իրականացվել աշխատանքները»,- նշել է նախարարը։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ գերատեսչությունը դատախազություն է ուղարկել մերձափնյա տեղամասերի մաքրման մասին փորձաքննության տվյալները, և դրանց հիման վրա կիրականացվեն որոշակի գործողություններ։

Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք համապատասխան փորձաքննություն կատարվել է Սևանա լճում կապտականաչավուն ջրիմուռների առաջացման պատճառները պարզելու համար, ասաց, որ ներկայում կապտականաչավուն ջրիմուռների քանակության ավելացում, Սեւանա լճից բացի, նկատվել է նաեւ Սեւ ծովում, Բայկալ լճում եւ այլ լճերում։

Նախարարի խոսքով՝ խնդիրն առաջացել է մի քանի պատճառներով։ Դրանցից է նաև լճում կենցաղային թափոնների և կոյուղաջրերի հայտնվելը, այդ թվում մերձափնյա հյուրանոցներից եւ ռեստորաններից։ «Երկրորդ՝ ջրի շերտի տակ են մնացել կանաչ հատվածներ, որոնք լիճ են նետում օրգանական նյութերի հսկայական քանակություն։ Երրորդ և հիմնական պատճառը այսպես կոչված սառը շերտի վնասումն է, ինչը տեղի է ունեցել լճում ջրի մակարդակի իջնելու պատճառով։ Սառը շերտը կվերականգնվի, եթե վեց մետրով բարձրացվի ջրի մակարդակը։ Դա թույլ կտա կանգնեցնել օրգանական նյութերի աճը եւ պահպանել ջրի բարձր որակը»,- պարզաբանեց նախարարը։

Գրիգորյանի կարծիքով՝ լճի վիճակի վրա բացասաբար են անդրադառնում նաեւ ձկան բազմացման տեղերը։ Նա հավաստիացրել է, որ գերատեսչությունը կմշտադիտարկի եւ կհամագործակցի միջազգային գիտական հանրության հետ՝ փորձելով գտնել խնդրի առավել համարժեք լուծում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: