Հայերեն   English   Русский  

Վահագն Դավթյան. «Անչափ ուրախ եմ և հպարտ մեր նվաճած մեդալների համար»


  
դիտումներ: 547

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում սպորտային մարմնամարզիկները գերազանց հանդես եկան` նվաճելով մեկական ոսկե և արծաթե մեդալ:

Օղակների վրա վարժության եզրափակչում արծաթե մեդալ նվաճեց Վահագն Դավթյանը: Հայ մարզիկը վաստակեց 14,766 միավոր և չնչին` 0,034 հազարերորդական միավորով հետ մնալով մրցման առաջատար իտալացի Մարկո Լոդադիոյից։

Անկախի հետ զրույցում Վահագնը կիսվում է տպավորություններով` արժևորում յուրաքանչյուր հաղթանակ ու ձեռքբերում այս դիտարժան, միևնույն ժամանակ, անչափ բարդ մարզաձևում:

-Շնորհավորում ենք . ընթացիկ տարվա հաջողությունների շարքը համալրեցիք նաև Եվրոպական խաղերում նվաճած պատվաբեր մեդալով:

-Շնորհակալ եմ: Նախամրցումային վերջին շրջանն անցկացրինք Թբիլիսիում: Շատ լավ մարզադահլիճ ունեն` ժամանակակից բոլոր հարմարանքներով ու գործիքներով կահավորված: Հենց այնտեղ էլ Եվրոպական խաղերից առաջ վերջին ուսումնամարզական հավաքին մասնակցեցինք: Մրցումներն էլ տվեցին այդ ամենի վերջնական արդյունքը:

Անչափ ուրախ եմ և հպարտ մեր նվաճած մեդալների և ունեցած ձեռքբերումների համար: Աշխատանքն ապարդյուն չանցավ: Արդարացրինք սպասումները, և Հայաստանը Մինսկում կայացած Եվրոպական խաղերում սպորտային մարմնամարզության մրցումներում մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալ նվաճեց:

- Եվրոպական խաղերում մարմնամարզության մրցումներն անցկացվում են սովորականից տարբերվող մրցակարգով։ Առանձին վարժությունների եզրափակիչներում ավանդական 8-ի փոխարեն մրցում է 6 մարզիկ և յուրաքանչյուր երկիր ներկայացվում է միայն մեկ մարզիկով։

վահագն դավթյան 2019

-3 մարզիկով էինք մեկնել Մինսկ: Օղակների վրա հանդես եկանք ես և Արթուր Թովմասյանը: Կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ կային: Արթուրը 6-րդ տեղով անցել էր եզրափակիչ, սակայն նույն երկրից 2 ներկայացուցիչ իրավունք չուներ մասնակցելու: Արթուրը ևս մեդալի հավակնորդ էր: Եվրոպայի, աշխարհի առաջնությունների ժամանակ, եթե հաջողվել է, միշտ միասին ենք հանդես եկել եզրափակչում: Այս մրցումների կանոնադրությունը մի փոքր այլ էր: Այդ պատճառով էլ ես և Դավթյան Արթուրը մասնակցեցինք եզրափակիչ մրցումներին:

-Միավորների աննշան տարբերությամբ զիջեցիք առաջին տեղը զբաղեցրած իտալացի Մարկո Լոդադիոյին:

- Յուրաքանչյուր մարզաձև ունի իր դժվարությունները, սակայն մրցավարության առումով, «սպորտային բախտ» ասվածի առումով մարմնամարզությունը տարբերվում է: Մրցակցիս զիջեցի միայն 0,034 հազարերոդական միավոր. դա մարմնամարզության մեջ աննշան տարբերություն է: Միևնույն ժամանակ, այդ ամենի հետ մեկտեղ, ուզում եմ գոհունակությունս արտահայտել, շնորհակալություն հայտնել այս արդյունքի համար, որովհետև կարող էր նաև դա չլինել: Վարժության կատարման ժամանակ հնարավոր է չնչին, աննշան սխալ թույլ տայի և այդ արդյունքին հնարավոր չլիներ հասնել: Այս տարին հաջող է ընթանում: Ես շատ գոհ եմ. Եվրոպայի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ նվաճեցի, Եվրոպական խաղերում` արծաթե: Մրցավայր մեկնելուց առաջ կարևոր չէր, թե ինչ գույնի մեդալ կնվաճեի, կարևոր էր, որ մրցանակային տեղ զբաղեցնեի: Հզոր երկրների, ճանաչված, փորձառու ու տիտղոսակիր մարզիկների հետ ենք մրցում: Նրանց հետ պայքարում մեդալ նվաճելը մեծ պատիվ է:

-Եվրոպական խաղերում հայ մարզիկների նվաճումները իրական տոն պարգևեցին մարզասերներին: Օդանավակայանում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին:

-Հաճելի է, երբ կարողանում ենք ուրախություն պարգևել մեր հայրենակիցներին Անգամ փոքր ուշադրությունը կարևոր է մեզ համար, քանի որ ահռելի աշխատանք ենք կատարում: Ուրախալի է, որ ծանոթ-անծանոթ շնորհավորում են: Դա ցանկացած մարզիկի համար հաճելի է:

Ցանկացած մրցման ժամանակ փորձում ենք պատվով ներկայացնել ու բարձր պահել մեր երկրի պատիվը: Փորձում ենք այնպես անել, որ մեր դրոշը միշտ ծածանվի:

Վահագն Դավթյան 2019

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ աջակցողներին, իմ մարզիչներին ու ընկերներին, մարմնամարզության ֆեդերացիային: Այս ձեռքբերումը որքան իմն է, նույնքան էլ նրանցն է: Միանշանակ կարող եմ ասել՝ ինձնից ավել նրանք են ուրախանում հաջողություններովս: Իմ նվաճած մեդալով, իմ ամեն մի առաջընթաց քայլով ու ձեռքբերմամբ շնորհակալ եմ մարզիչներիս ու ընտանիքիս:

Անչափ ուրախ եմ Արթուր Դավթյանի արդյունքի համար: Մեծ բավականություն ստացա նրա ելույթից, նրա ցույց տված արդյունքից: Դա բացառիկ երեևութ էր: Որպես մարմնամարզիկ, որպես պրոֆեսիոնալ աչքով հետևող՝ կարող եմ ասել, որ այն, ինչ արեց Արթուր Դավթյանը, ֆանտստիկ էր: Նման բան հազվադեպ կարող է պատահել, որ եզրափակչում մարզիկն ամենաբարձր ցատկերը գերազանց կատարի: Նրա ելույթն իսկական չեմպիոնական էր և մեծ բավականություն պատճառեց:

-Ի՞նչ է տալիս հաղթանակը. պարտավորեցնու՞մ կամ գուցե ոգևորու՞մ է: առաջիկա ստուգատեսերից առաջ:

-Հաղթանակը տալիս է բավարարվածության մեծ զգացում, որ ամբողջ աշխատանքը, ուժերի ներդրումն ապարդյուն չեն անցել: Մարզիկի համար դա առաջնային ու կարևոր զգացողությունն է:

Կարճատև հանգստից հետո նախապատրաստվելու ենք օգոստոսին Վրաստանում և Իսրայելում կայանալիք միջազգային մրցումներին` մարզավիճակը կարգավորելու համար: Ըստ արդյունքների` մարզիչները կորոշեն, թե ինչ կազմով աշնանը կմասնակցենք աշխարհի առաջնությանն ու աշխարհի գավաթի խաղարկությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: