Հայերեն   English   Русский  

Եթե 2-րդ անգամ հնարավորություն լինի, անպայման կգամ Հայաստան. Ոսկե ծիրանի «Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» ֆիլմի դերասանուհին Հայաստանի և ֆիլմի մասին


  
դիտումներ: 318

Ստեղծված կարծրատիպերի ոչնչացում, երջանկության փնտրտուքներ ու պայքար նույն երջանկության համար. այս ամենը կգտնեք ռեժիսոր Թեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» կինոնկարում, որը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) ֆիլմեր մրցույթում:

Շտիպ մակեդոնական փոքրիկ քաղաքում ամեն տարվա հունվարին ծխական քահանան գետն է նետում փայտե խաչը, որը հանողը մեկ տարվա երջանկություն է ստանալու: Հարյուրավոր տղամարդիկ խաչի ետևից սուզվում են գետը: Այս անգամ Պետրունյան ևս պահի մղումով սուզվում է ջուրն ու մյուսներից առաջ ընկնելով՝ հանում խաչը: Մրցակիցները բորբոքված են. ինչպե՞ս է համարձակվել կինը մասնակցել իրենց ծեսին: Չնայած բարձրացած աղմուկին՝ Պետրունյան չի հանձնվում: Հաղթանակը նրանն է, և նա մտադիր չէ խաչը զիջել:

Գլխավոր հերոսուհին՝ Զորիցա Նուշևան, որ ֆիլմում կերտել է Պետրունյայի կերպարը, փառատոնի շրջանակներում գտնվում է Հայաստանում և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ոչ միայն ֆիլմից, այլև պատմեց, որ հիացած է Հայաստանով:

Նուշևան խոստովանեց, որ չնայած համարձակ կերպար է կերտել, բայց չի կարող հստակ ասել, թե իրական կյանքում ինքը ինչպես կվարվեր, եթե հայտնվեր Պետրունյայի փոխարեն, քանի որ ինքը վախ էր զգում անգամ նկարահանումների ժամանակ:

«Թվում է, թե Պետրունյան հասարակ աղջիկ է, և մեզնից յուրաքանչյուրը կարող է նրա միջոցով տեսնել իրեն: Նա ապրում է տղամարդկանց աշխարհում և ամեն օր պայքարում է հավասարության համար, ձգտում է այդ երջանկությանը: Ինձ համար հեշտ չէր Պետրունյային մարմնավորելը, քանի որ նա կին է, որն անընդհատ կոտրում է կարծրատիպերը, իսկ սահմաններ չգծելը հերոսուհու կյանքում մեծ դերակատարություն ունի»,-ասաց դերասանուհին:

Որքան էլ բարդ լինի կնոջ համար պայքարելը հանուն հավասարության՝ դերասանուհին կարծում է, որ բոլոր կանանց մեջ մեծ ուժ կա:

Անդրադառնալով Հայաստան այցին՝ Նուշևան ասաց, որ թեև առաջին անգամ է մեր երկրում, բայց հասցրել է հավանել թե մարդկանց, և թե մեր ավանդույթները:

«Այստեղ ստեղծարար մթնոլորտ է: Հայաստանում հետաքրքիր ավանդույթներ կան, որոնք դուք շարունակում եք պահպանել, փոխանցել սերունդներին: Եթե հետագայում հնարավորություն լինի նորից ձեզ այցելել, սիրով կգամ»,-եզրափակեց դերասանուհին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: