Հայերեն   English   Русский  

​Ես եկել եմ, դուռդ բացիր, Հայաստա՛ն․․․


  
դիտումներ: 489

Փախստականներ, բռնի տեղահանվածներ, հակամարտություններ, միգրացիոն ճգնաժամ․․․ այս բառերն ավելի ու ավելի հաճախ են շրջանառվում աշխարհում՝ տեղ զբաղեցնելով համաշխարհային մարտահրավերների ամենաբարձր սանղդակում։

2018 թ․ պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, արձանագրել է գրեթե 70 տարվա ընթացքում:

2018 թ․ վերաբնակեցվել է ընդամենը 92,400 փախստական, ինչը վերաբնակեցման սպասող մարդկանց 7 տոկոսից էլ ցածր թիվ է: 2018 թ․ յուրաքանչյուր երկրորդ փախստական երեխա էր, որոնցից շատերը (111․000)՝ միայնակ և առանց ընտանիքների ուղեկցության:

Հայաստանը՝ որպես ապաստան տրամադրող երկիր

Փախստականներ

Եթե Ձեր ազատությունը կամ կյանքը վտանգված է ծագման երկրում` ռասայական, ազգային, կրոնական, քաղաքական հայացքների, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, ներքին հակամարտությունների, արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով և Դուք օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եք, գտնվում եք Ձեր ծագման երկրից կամ մշտական բնակության վայրից դուրս, ապա կարող եք պաշտպանություն խնդրել ՀՀ-ից ապաստան հայցելու միջոցով:

Ապաստան հայցելու համար պետք է դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն: Ապաստանի հայցը կարող է ընդունվել, կարող է մերժվել։

Մինչ 2003 թվականը ՀՀ-ում ապաստան հայցողների թիվը տարեկան մի քանի հոգի էր։ Այժմ դիմումների քանակը մի քանի տասնյակ և ավելին է։

2018 թ․ՀՀ-ում ապաստան է հայցել 200-ից ավելի անձ, որոնց մեծ մասը՝ Իրանից ու Իրաքից, ապա Սիրիայից, Եմենից, Աֆղանստանից, Բանգլադեշից, Ուկրաինայից, Թուրքիայից, Կուբայից և այլ երկրներից։

2019 թ․ հունիսի 17-ի դրությամբ ՀՀ-ում ապաստան է հայցել 77 անձ, որոնցից 29-ը՝ Իրանից, 19-ը՝ Կուբայից, 10-ը՝ Սիրիայից, 3-ը՝ Թուրքիայից և այլ երկրներից։ Նույն ժամանակահատվածիդրությամբ փախստականի կարգավիճակ է ստացել 36 ապաստան հայցող, մեծ մասը՝ Իրանից, ապա Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից։

«Հայաստանը լավագույն երկիրն է, որտեղ կարող ես ինչ-որ բան սկսել» ապաստան հայցող

Փախստականներ

Հայաստանում ապաստան հայցողների Հատուկ կացարանում ենք։ Կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է։ Լրագրողներին երբեմն ընդառաջում են և թույլ տալիս մուտք գործել տարածք՝ պայմանով, որ պահպանվի լուսաբանման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։

Զրուցում ենք ապաստան հայցող մի երիտասարդի հետ, որը Հայաստան է եկել մի քանի ամիս առաջ Ասիայի արաբական մի երկրից, որտեղ, ինչպես հավաստիացնում է, իր կյանքին վտանգ է սպառնում կրոնական տարաձայնությունների պատճառով։

Ջ․ Ք․-ն հիանալի անգլերենով պատմում է իր կյանքի պատմությունը։ Ապահով ու բարեկեցիկ կյանք է վարել, լավ կրթություն է ստացել (տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է), սեփական բիզնեսն է ունեցել, բայց կրոնական հայացքների պատճառով հոր հետ լուրջ տարաձայնություններ են առաջացել, և կյանքն իր երկրում վերածվել է դժոխքի։ Գործն անգամ դատարան է հասել, ինչի հետևանքով ողջ ունեցվածքը վաճառել է, որ դատական ծախսերը հոգա։ Ի վերջո որոշել է հեռանալ երկրից։

Սկզբում նախատեսել էր Կուբա գնալ, որտեղ բարեկամ ուներ, բայց ինքնաթիռի տոմսը, որ շուրջ 1500 դոլար արժեր, կորցրել է։ Ինչ-որ մեկը նրան խորհուրդ է տվել գնալ Հայաստան, որտեղ ինքնաթիռի տոմսն ավելի էժան էր։ Այդպես նա հայտնվել է Հայաստանում։

Արժանահավա՞տ է այս պատմությունը, թե ոչ, կգնահատի հատուկ մասնագիտացված խումբը։ Բայց մինչ պետությունը պարտավոր է ապահովել ապաստան հայցողի հիմնարար իրավունքների իրացումը։

Հատուկ կացարանում ապաստան հայցողները ոչ միայն ապահով տանիք ունեն, այլև օգտվում են անվճար սննդից, սոցիալական և իրավաբանական խորհրդատվությունից և այլն։

Մեր զրուցակիցն ընդհանուր առմամբ գոհ է Հատուկ կացարանից։ Միակ դժգոհությունը կապված է առողջական խնդիրների հետ, որոնց լուծման համար պետք են հետազոտություններ, բայց հարցն առայժմ չի լուծվել։

«Հայաստանն ապշեցուցիչ երկիր է,-ասում է նա,-օրինակ ջուրը դու կարող ես ծորակը բացել ու մաքուր ջուր խմել։ Մարդիկ այստեղ շատ լավն են, բարի, առատաձեռն»։

Այն երկրում, որտեղից Ջ․Ք․-ն եկել է, շատ հայեր կան, բայց երբևէ առիթ չի ունեցել շփվելու։ Միայն գիտի, որ հայերին արմեն էին կոչում, իսկ Հայաստանի մասին երբևէ ոչինչ չէր լսել։

Փախստականներ

Այժմ Հայաստանը ոչ միայն արմենների հայրենիքն է, այլև մի երկիր, որտեղ ինքն էլ սիրով կուզենար հաստատվել ու դարձնել իր երկրորդ հայրենիքը։ Գիտի նաև, որ Հայաստանում հեշտ չէ, բայց եթե իր դիմումն ընդունեն ու իրեն փախստականի կարգավիճակ տան, կարծում է՝ ապրելու հնարավորություններ կգտնի, քանի որ շատ ոլորտներում հատկապես բիզնեսի համար բաց տեղ կա։

Այժմ ժամանակավոր աշխատանք է կատարում, այգեպան է՝ օրական 5000 դրամով։ Եթե հաշվի առնենք, որ Հատուկ կացարանում անվճար մնալու և սնվելու հնարավորություն ունի, ապա օրական 5000 դրամ հավելյալ եկամուտը քիչ չէ։ Բայց զրուցակցիս ծրագրերն ավելի հավակնոտ են, քան օրական 5000 դրամանոց աշխատանքը․ նա երազում է դառնալ աշխարհի թիվ մեկ գործարարը։ «Ես հավատում եմ դրան և կարծում եմ, որ դա կարող եմ անել Հայաստանում, քան որևէ այլ տեղ։ Այս երկիրը լավագույնն է, որտեղ կարող ես ինչ-որ բան սկսել»։

***

Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան, կայացած ու բավականին ճկուն ապաստանի տրամադրման համակարգ։

«Ապաստան հայցողին մենք տալիս ենք հատուկ վկայական, որը կոչվում է ապաստան հայցողի վկայական։ Այն վավեր փաստաթուղթ է ՀՀ տարածքում, և ապաստան հայցողն այդ փաստաթղթով կարող է օգտվել գրեթե բոլոր պետական ու մասնավոր ծառայություններից, որոնք հասանելի են ՀՀ քաղաքացուն»,-ասում է Միգրացիոն ծառայության հանրային կապերի համակարգող Նելլի Դավթյանը։

1951 թվականին ընդունված՝ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայով սահմանված են այն 5 հիմքերը, որոնցով անձին տրվում է փախստականի կարգավիճակ: Հայաստանն այդ 5 հիմքերից բացի ևս 5 հիմք է սահմանել փախստականի կարգավիճակ շնորհելու համար։ «Այս առումով մեր մոտեցումներն ավելի հումանիտար են, քան շատ այլ երկրներում, որտեղ կան բազմաթիվ սահմանափակումներ»,-նկատում է նա։

1951 թ․ ընդունված կոնվենցիայից անցել է 68 տարի, փախստականների իրավիճակն աշխարհում գլոբալ վերափոխումների է ենթարկվել, առաջ են եկել բոլորովին նոր խնդիրներ։ Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանն այս տարի Ժնևում կայացած Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի բարելավմանը նվիրված համաժողովին ելույթ ունենալով՝ շեշտել է, որ Կոնվենցիան այլևս չի բավարարում ժամանակակից մարտահրավերներին և պետք է բարեփոխվի։ Նա նաև նշել է, որ ապաստանի տրամադրման և փախստականի կարգավիճակի շնորհման գործընթացն աշխարհում վերածվել է «գլոբալ շոփինգի»։

Ապաստան հայցողից՝ փախստական

Փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգը հետևյալն է՝ ապաստանի դիմումի ներկայացում, գրանցում, նախնական հարցազրույց, հիմնական հարցազրույց, դրական կամ բացասական որոշման ընդունում։

«Մեր ծառայության հիմնաքարային ուղղություններից մեկը ապաստանի համակարգն է, և առաջին խնդիրը, որ նոր ղեկավարության կողմից դրվել է ծառայության առջև, ապաստանի հայցերի հետ կապված որոշումների որակի բարձրացումն է»,-ասում է Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում՝ մասնագետների վերապատրաստում, գնահատման համակարգի ներդրում, հատուկ մասնագետների կողմից ապաստան հայցողի տրամադրած տեղեկատվության ուսումնասիրություն, ճշտում և այլն։

Փախստականներ

Եթե որոշումը դրական է, ապաստան հայցողին տրամադրվում է փախստականի կարգավիճակ։ Դրանից հետո Միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ փորձում է փախստականին ինտեգրել հասարակություն։

«Մեր ծառայությունները 3 բաղադրիչ ունեն՝ հայոց լեզվի դասընթացներ, բնակարանային ապահովում, քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում և այլն»,-թվարկում է Նելլի Դավթյանը։

Փախստական ճանաչված անձը ՀՀ-ում կարող է օգտվել Միջազգային օրենքներով ու «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված գրեթե բոլոր իրավունքներից՝ օրինական բնակության իրավունք, ընտանիքի վերամիավորման իրավունք, ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունք, անվճար իրավաբանական օգնության իրավունք, սեփականության իրավունք, վարձատրվող աշխատանքի իրավունք, սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունք, հանրային կրթության, անգամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։

Միաժամանակ, ՀՀ-ում փախստական ճանաչված անձիք ունեն իրավունքների որոշակի սահմանափակումներ․օրինակ՝ չեն կարող կատարել վարձատրվող աշխատանք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, չունեն հողի սեփականության իրավունք, ինչպես նաև ընտրական իրավունք՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Տանիք փախստականների համար

Փախստականներին որոշակի ժամկետով անվճար կացարան է տրամադրվում Միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի Ինտեգրման տներում։

Երևանի Ինտեգրման տունն ունի 11 կահավորված սենյակ, որը նախատեսված է մինչև 30 հոգու համար։

«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանի խոսքով՝ Ինտեգրման տանը փախստականներին տրվում է մինչև մեկ տարի բնակվելու հնարավորություն, որից հետո նրանք կարող են դիմել և պետական ծրագրով ևս 9 ամիս ստանալ 60 հազար դրամ բնակարան վարձելու և վարձավճարը հոգալու նպատակով։ Փաստորեն, Հայաստանում փախստականները հնարավորություն ունեն առնվազն 1 տարի 9 ամիս պետության աջակցությամբ հոգալ կացարանի խնդիրը, չհաշված նաև այն, որ դրանից առաջ իբրև ապաստան հայցող նրանք օգտվում են ոչ միայն անվճար բնակության իրավունքից, այլև անվճար սննդից և այլ ծառայություններից (ապաստան հայցելու փուլը կարող է տևել մինչև 3-4 տարի)։

Այդ ամենից հետո նախատեսվում է, որ փախստականներն աստիճանաբար պետք է անցնեն ինքնուրույն կյանքի։ Այնուամենայնիվ անհրաժեշտության դեպքում պետությունը փախստականներին հանրակացարաններում ու սոցիալական տներում բնակեցնելու հնարավորություններ կրկին գտնում է։

«Ունենք հանրակացարանային 5 մասնաշենքեր Երևանում, Աբովյանում, Մասիսի Դարբնիկ գյուղում: Այս դեպքում արդեն ժամանակի սահմանափակում չկա»,-նշում է Մեժլումյանը։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե փախստականների համար կան բոլոր պայմանները լիարժեք կյանքի համար, և պետական նման աջակցության պայմաններում նրանք ուղղակի չեն ձգտի ինքնուրույն շարունակել ինտեգրվել և լուծել իրենց խնդիրները։ Սակայն չպետք է մոռանալ, որ հանրակացարանային պայմաններն այն պայմանները չեն, որտեղ մարդիկ ցանկանան երկար մնալ։ Ճիշտ հակառակը՝ բոլոր փախստականները երազում են օր առաջ դուրս գալ հանրակացարաններից և ունենալ սեփական տանիքը։

Փախստականներ

Կարոտող աչքեր, տանջահար հայացք փախստական կանայք՝ Ինտեգրման տանը

Միգրացիոն ծառայության Երևանի Ինտեգրման տանն ենք։ Թակում ենք սենյակներից մեկի դուռը։ Ներսից հարցուփորձ են անում, հետո դուռը կիսաբաց անում։ Դռան հետևում շփոթված երկու իրանցի կանայք են՝ մեկը գլխաշորով ու ավանդական հագուկապով, մյուսն՝ ավելի բաց ու «համարձակ» հագուստով։

Ներս ենք մտնում փոքրիկ սենյակ, որտեղ առանձին երկու մահճակալ է դրված, երկու պահարան ու մի փոքր սեղան։ Սենյակում տոթ է, մահճակալին մանկահասակ աղջնակ է պառկած, որն օտար հյուրերին տեսնելով՝ վեր է կենում ու վախվորած փարվում մորը։

Փոքրիկ սենյակը իրանցի Նասիմի, նրա ամուսնու ու 3-ամյա դստեր կացարանն է։ Փախստական ընտանիքը 11 ամիս առաջ է եկել Հայաստան ու ապաստան խնդրել։ Մի քանի ամիս անց դիմումն ընդունվել է, այժմ փախստականի կարգավիճակ ունեն։ Նասիմը հայերեն մի քիչ հասկանում ու խոսում է։ Հայերենի դասընթացի է հաճախել։

Թե ինչո՞ւ որոշեցին լքել հայրենիքը և ապաստան հայցել Հայաստանում, երկար պատմություն է։ Ասում է՝ պատճառը քաղաքական է, ու եթե համացանցում փնտրենք, կգտնենք Իրանում բեռնատարների վարորդների հետ կապված պատմությունը։ Այլ մանրամասներ չի պատմում, միայն ասում է, որ եթե վերադառնան Իրան, ամուսնուն երկար տարիների ազատազրկում է սպասվում։

Ամուսինը կացարանում չէր, աշխատանքի էր դուրս եկել։ Բանվորություն է անում շինարարության ոլորտում։ Դեռ աշխատավարձ չի ստացել, չգիտեն՝ կկարողանա՞ն այդ աշխատավարձով ապրել, թե ոչ։ Իսկ որպես վարորդ այստեղ աշխատել չի կարող, վարորդական իրավունք չունի, ստանալն էլ բարդ է, քանի որ հայերեն չգիտի, որ քննություն հանձնի։

Երեխան մանկապարտեզ է հաճախում։ Հայերեն արդեն հասկանում է, բայց չի ուզում մնալ պարտեզում, ուզում է մոր կողքին լինել։

Ծանր փորձությունների հետքերը երիտասարդ կնոջ հայացքում խոր տխրություն ու թախիծ են դրոշմել։ Գրեթե չի ժպտում, իսկ երբ փորձում է ժպտալ, միևնույն է աչքերը չեն ժպտում։

Ասում է՝ Հայաստանը լավ երկիր է, մարդիկ լավն են, բայց իրենց ապագան այստեղ դեռ չեն պատկերացնում։

«Իրանում մենք լավ էինք ապրում, տուն ունեինք, ավտոմեքենա, ամեն ինչ։ Այստեղ առայժմ ոչինչ չունենք, երեխան անգամ նոր հագուստ չունի։ Չգիտենք ինչ է լինելու։ Եթե ամուսինս այնպիսի աշխատանք գտնի, որ կարողանանք մի քիչ նորմալ ապրել, կմնանք, իսկ եթե ոչ, կգնանք այլ տեղ, որտեղ կարող ենք ապրել»։

***

Մյուս փախստական կինը Նասիմի հարևանուհին է։ Հայաստանում նա միայնակ է։ Ապաստան է հայցել 2018 թ․ հարևան պետություններից մեկից, որտեղ տեղափոխվել էր Իրանից։ Իսկ թե ինչու էր Իրանից հեռացել, ցավոտ պատմություն է։ Մարմնի վրա մտրակի հետքերը դեռ թարմ են։ Պատճառը կրոնափոխ լինելն է՝ քրիստոնեություն է ընդունել։

«Շնորհակալ եմ, որ ինձ Հայաստանից Իրան չուղարկեցին։ Ինձ այնտեղ 66 տարվա ազատազրկում է սպասվում,-ասում է նա,-բայց հիմա ես ուզում եմ վերադառնալ այն երկիր, որտեղից եկել եմ։ Այնտեղ իմ երկու որդիներն են»։

Փախստականների կացարանից դուրս ենք գալիս մտքով ու հոգով ծանրացած։ Աշխատակիցներից մեկը նկատում է․ «Ուզում էիք ուրախ ու հաջողված պատմություննե՞ր գտնել։ Այստեղ դա դժվար է»։


Հ․Գ․

Փախստականներ

Երբ կացարանից դուրս էինք գալիս, դռան մոտ երկու փոքրիկ տղաներ էին կանգնած, հազիվ 3-4 տարեկան։ Փախստականների կամ ապաստան հայցողների երեխաներ էին։ Նրանցից մեկը մի ամբողջական հաց էր կրծոտում։ Տեսարանը տխուր էր։ Հետո երեխան հացը ձեռքին կացարանից դուրս եկավ, գցեց գետնին և զվարթ ծիծաղով վազեց բակ խաղալու՝ աչքերում անհոգ մանկություն։

Նրա համար փախստականի կացարանն իր տունն է, ողջ օրվա չափաբաժին հացը՝ մի կտոր կրծելիք, արևը՝ ջերմ ու շողշողուն, աշխարհն էլ մի մեծ խաղահրապարակ․․․

Անի Գասպարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: