Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզպետը դեռ չի որոշել վերանշանակել տնօրենին, թե բողոքարկել


  
դիտումներ: 232

Անկախն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 4-ի դատական վճռով անվավեր էր ճանաչվել Շիրակի մարզպետի որոշումը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի քաղաքացիական հայցը բավարարելով:

Վճիռը հրապարակելուց մեկամսյա ժամկետում մարզպետարանը պետք է որոշի բողոքարկել կամ ոչ առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Որպես դատավարական կողմ Շիրակի մարզպետարանը դեռ չի ստացել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, երբ որ ստանանք՝ կքննարկենք», - Անկախի հարցին այսպես պատասխանեցին Շիրակի մարզպետարանից:

Հավելենք, որ բացի դպրոցի տնօրենի աշխատանքից հեռացման պատճառ հանդիսացող չարաշահումները ՀՀ գլխավոր դատախազությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասով նոր քրեական գործ հարուցելու մասին.
«ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տնօրենը, զբաղեցնելով «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը, 2014-ի հուլիսի 15-ին Ալվարդ Ղ.-ին աշխատանքի է ընդունել նշված դպրոցում՝ որպես հավաքարար, ապա 2015-ի մայիսի 25-ին ազատել է աշխատանքից: Այնուհետև Նարինե Մ.-ն 2016-ի հունվարի 8-ին Ալվարդ Ղ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հավաքարար, 2016-ի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 23-ը նաև դպրոցի դռնապանի պարտականություններն է հանձնարարել նրան և ազատել աշխատանքից, մինչդեռ, Ա. Ղայթանջյանն աշխատանքի չի հաճախել: Բացի դրանից՝ Նարինե Մ.-ն 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հասմիկ Թ․-ին աշխատանքի է ընդունել դպրոցում՝ որպես հնոցապան, ապա 21.03.2017 թվականի մարտի 21-ին ազատել աշխատանքից: Այնուհետև, Նարինե Մ.-ն 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հասմիկ Թ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հնոցապան և ազատել ախատանքից 2018 թվականի մարտի 13-ին, մինչդեռ, Հասմիկ Թ.-ն ևս աշխատանքի չի հաճախել: Արդյունքում, Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի անուններով այդ ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 465 հազար 893 ՀՀ դրամ գումար, որը, պաշտոնեական դիրքն օգտագործվելով, յուրացրել է: Վերոգրյալից զատ, Նարինե Մ․-ն հիշյալ անձանց՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում անձնական այլ դրդումներով կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ 2016-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: