Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ այժմ Ֆիզմաթ դպրոցն ամեն տարի ընդունում է խիստ սահմանափակ քանակությամբ աշակերտների


  
դիտումներ: 1040

Օրերս Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդների ծնողները բաց նամակով դիմել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Արտաշես Շահինյան

Նշենք, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, հանրության մոտ հայտնի է որպես Ֆիզմաթ դպրոց, Երևանի պետական համալսարանին առընթեր հատուկ դպրոց: Հիմնադրվել է Արտաշես Շահինյանի նախաձեռնությամբ և ՀՍՍՀ կառավարության որոշմամբ, որի նպատակն է Հայաստանի տարբեր շրջանների և նրա սահմաններից դուրս հայաշատ վայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում։ Սակայն վերջերս ՀՀ մարզերից ընդունվողները քիչ են:

Ֆիզմաթ դպրոցի ներկայիս տնօրենն է Հայկազ Նավասարդյանը։

«Բարձր գնահատելով Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (Ֆիզմաթ դպրոց) ավանդը՝ խնդրում ենք Ձեր ուշադրությունը դպրոցի ընդունելության կազմակերպման վրա՝ hաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս ՀՀ կառավարությունը ֆիզիկամաթեմատիկական և ՏՏ ուղղությունը համարում է գերակա ոլորտ:

Խնդիրն այն է, որ ներկայում Ֆիզմաթ դպրոցն ամեն տարի ընդունում է խիստ սահմանափակ քանակությամբ (4-5 դասարան) ֆիզիկամաթեմատիկական ուղղվածություն ունեցող աշակերտների՝ պատճառաբանությամբ, թե պայմաններ չկան: Արդյունքում, ամբողջ ՀՀ տարածքից ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ ունեցող՝ ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտները զրկվում են ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից:

Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):

Հայկազ Նավասարդյանը մամուլում տվյալ խնդիրը բազմիցս պարզաբանել է, շեշտելով, որ միևնույնն է, «Ուսում» հանրակրթական դպրոցի դասարանները փոքր են և եթե նույնիսկ այն ետ տրամադրեն Ֆիզմաթ դպրոցին, խնդիրը չի լուծվի:

Թե ինչո՞ւ այժմ ՀՀ մարզերից ընդունվողները քիչ են, պատճառն այն է, որ դպրոց կարող են ընդունվել միայն (կամ գրեթե միայն) մասնավոր ուսուցիչների մոտ վերապատրաստված երեխաները՝ տարեցտարի ավելի բարդացվող թեստերի պատճառով, իսկ մարզերի աշակերտները հնարավորություն չունեն մասնավոր պարապունքների հաճախել Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների մոտ: Հետևաբար, այնպես ինչպես ննջարանները ժամանակին դարձել են դասասենյակներ՝ հարմարեցվելով «Ուսում» դպրոցի պահանջներին, այնպես էլ կարող են դառնալ դասարաններ կամ ննջարաններ:

Իսկ «Ուսում» դպրոցից ստացած 10 մլն դրամ վարձը, որի մասին նշում է Հայկազ Նավասարդյանը, ոչինչ է՝ համեմատած այն բանի հետ, թե ապագայում մեր երկրին ինչ հաջողություններ կարող են ապահովել մաթեմատիկական գիտելիքներով օժտված երեխաները, որոնք հենց այդ 10 մլն դրամի պատճառով այսօր զրկվում են Ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից:

Զարմանալիորեն ամեն տարի Ֆիզմաթ դպրոց մեծամասամբ ընդունվում են վերոնշյալ «Ուսում» դպրոցի աշակերտները: Արդյոք սա օրինաչա՞փ է:

Խնդրում ենք ուսումնասիրել նաև ընդունելության քննությունների առաջադրանքները, որոնք միանձնյա կազմում է Հայկազ Նավասարդյանը՝ պատճառաբանելով, թե չի վստահում իր գործընկերներին, քանի որ բոլոր ուսուցիչները պարապում են ընդունելության համար և կարող են օգտագործել դա՝ իրենց մոտ պարապող աշակերտներին նախապես տրամադրելով առաջադրանքները: Արդյունքում, այս տարի թե՛ 7-րդ, թե՛ 8-րդ դասարանի առաջադրանքներում առկա էին սխալներ, անլուծելի խնդիրներ, որոնցից մի քանիսն ուղղվել են հենց քննության ընթացքում՝ աշակերտներին դնելով դժվար կացության մեջ: 8-րդ դասարանի առաջադրանքներում առկա էր խնդիր, որը որևէ դիմորդ չի լուծել և շատ մասնագետներ նույնպես չեն գտել լուծումը: Ինչի՞ համար են այդպիսի խնդրիները: Գաղտիք չէ, որ Հայկազ Նավասարդյանը և նրա հետ փոխկապակցված անձիք նույնպես մասնավոր պարապում են որոշ աշակերտների հետ: Արդյունքում, եթե ուսումնասիրեք այս տարվա 7-րդ դասարանի արդյունքները, պարզ կդառնա, որ ողջ ՀՀ տարածքից ամենաբարձր միավորներ ստացել են «Ուսում» դպրոցի աշակերտները, որոնց հետ միգուցե հենց Նավասարդյանը կամ նրա ընտանիքից մեկն է պարապել: Զարմանալին այն է նաև, որ այդ բարդ քննություն-մրցությունը հաղթանակած և Ֆիզմաթ դպրոց ընդունված աշակերտները հետագայում չեն փայլում իրենց ֆիզիկամաթեմատիկական ունակություններով. սրա ապացույցն է նաև այն, որ այս տարվա 9-րդ դասարանի քննությունների արդյունքներով՝ Ֆիզմաթ դպրոցի և այլ դպրոցների աշակերտներն առանձնապես չեն տարբերվում:

Խնդրում ենք վերականգնել Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը եւ հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում: Այս տարի առնվազն 2 դասարան բացել՝ մեկ 7-րդ և մեկ 8-րդ: Իսկ ապագայում ամբողջությամբ վերանայել տվյալ դպրոցի ընդունելությունը, ուսուցման պրոցեսներն արդիականացնել, բարելավել պայմանները»:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Դպրոցը, լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը։ Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ 1994 թվականին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գիտությունը և կրթությունը մղվել էին հետին պլան, ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել Երևանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով։ Այս տարիների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով մարզերի ուսուցիչների։ Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, պրոֆեսոր Հ. Երիցյանը, ֆիզմաթներ Ֆ. Մելիք-Ադամյանը, Ա. Վաղարշակյանը, Օ. Միքայելյանը, Էյլեր Յուզբաշյանը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ. Մարտիրոսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի։ Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում։ Այս դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները։ Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և օտար լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն։

Ֆիզմաթ դպրոց

Դպրոցն ունի հարուստ նյութատեխնիկական բազա։ Այբ կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացվել են քիմիայի և Բենհուր Փախչանյանի անվան ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ։ Ինֆորմատիկա առարկայի դասերն ընթանում են 20 համակարգիչներով հագեցած 2 կաբինետներում, որոնք ապահովված են ինտերնետ կապով։ Դպրոց կենտրոնում տեղադրված է սենսորային գրատախտակ, որի հնարավորությունների շնորհիվ տարբեր առարկաներից անցկացվում են էլեկտրոնային տարբերակով դասընթացներ։

Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ոչ միայն մտավոր գործունեությունը այլ նաև նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման խնդիրներին։ Թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտն օգնում են իրականացնելու վերոհիշյալ ծրագրերը։ Դպրոցում գործում է նաև հոգեբանական կաբինետը։

Դպրոցն ունի գեղարվեստական և մասնագիտական հարուստ գրադարան, հանրակացարանային մասնաշենք, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, որտեղ հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-խաղեր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է ներդնում դպրոցի գեղագիտական կենտրոնը։

Տնօրինության, դպրոցի բոլոր ամբիոնների, մեթոդ միավորումների, լաբորատորիաների և կաբինետների, գրադարանի, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության կենտրոնի, մանկավարժական ողջ կոլեկտիվի մշտական աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: