Հայերեն   English   Русский  

​«Սա արդեն ճահճացման լուրջ վտանգ է»․ Կարինե Դանիելյան


  
դիտումներ: 449

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, Անկախի-ի հետ զրույցում անդրադառնալով Սևանա լճում ստեղծված իրավիճակին և դրա պատճառներին, ասաց, որ այս ամենը տարիներ ի վեր լճի նկատմամբ իրականացված սխալների հետևանքներն են, որոնց մասին բնապահպանները բարձրաձայնել են բազմիցս։

«Այս իրավիճակն ինձ համար անսպասելի չէր, այդպես էլ պետք է լիներ,-ասում է Դանիելյանը,-Սևանա լճի մեջ լցվում են օրգանական և անօրգանական բազմաթիվ նյութեր, թափոններ, որոնք աղտոտում են լիճը։ Գոյություն ունեցող մի քանի մեխանիկական մաքրման կայանները հարցը չեն լուծում։ Բացի այդ, լճի տակ են մնացել կառույցներ, կանաչ տարածքներ, անտառային ծածկույթներ, աղբ, որն էլ իր հերթին է աղտոտում լիճը։ Դրան գումարած նաև կլիմայի փոփոխությունները, ջերմաստիճանի բարձացումը, Սևանա լճի մակարդակի իջեցումները, մի խոսքով այս ամենը ի վերջո հանգեցրել են նման հետևանքների»։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովում դեռևս փետրվար ամսին Սևանա լճի հարցը քննարկվել է, առաջարկներ են ներկայացվել ՀՀ կառավարություն։

«Մենք անհանգստացած էինք, քանի որ կանխատեսում էինք, որ կրկին ջուրը կարող է «ծաղկել»։ Դիմեցինք ՀՀ կառավարություն և խնդրեցինք այս տարի հավելյալ ջրառ չիրականացնել և կարգի բերել ոռոգման համակարգը։ Պաշտոնապես պատասխան ստացանք, որ այս տարի կարիք չի լինի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել: Հուսանք, որ իսկապես չի իրականացվի»։

Սևանի հարցը կրկին քննարկվելու է Հանրային խորհրդում։ Այն ներառվելու է ՀԽ առաջիկա լիագումար նիստի օրակարգ։ Մինչ այդ խորհրդում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը կուսումնասիրի հարցը և որոշման նախագիծ կներկայացնի։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ լճի «ծաղկման» դեպքեր նախկինում էլ են եղել՝ սկսած 1964 թվականից, բայց ոչ նման ծավալների։ «Սա արդեն ճահճացման լուրջ վտանգ է»,-նկատում է նա։

Բնապահպանը հիշում է, որ ժամանակին, երբ բուսական տարածքները, անտառները լճի տակ էին թողնում, իրենք դրա դեմ խոսում էին, բացատրում, որ չի կարելի, մինչդեռ Բնապահպանության նախարարությունը հավաստիացնում էր, թե դա վտանգ չի ներկայացնում Սևանի համար։ «Ասում էին՝ ընդհակառակը, եթե անտառը մնա ջրի տակ, օգուտ կտա լճին՝ կեր դառնալով ձկների համար: Արդյունքում տեսանք, թե ինչ եղավ»։

Կարինե Դանիելյանը նաև նշում է, որ տարիներ ի վեր, երբ իրենք բարձրաձայնում էին Սևանա լճի հիմնախնդիրների մասին՝ կանխատեսելով այս հետևանքները, անգամ լրագրողներն էին հազվավեպ հետաքրքրվում խնդրով։ «Այդ թեմայով հրավիրված մամուլի ասուլիսներին 1-2 լրագրող էր գալիս, իրենց հետաքիքր չէր։ Հիմա, երբ հարցն արդեն ճգնաժամային է, իմ հեռախոսն ուղղակի դադար չունի լրագրողների զանգերից»։

Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար։ Բնապահպանն առաջարկում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որում կներգրավվեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։ «Այն իրավիճակը, որն առկա է լճում, մեզ ծանոթ է, պատճառները հայտնի են, լուծումներ էլ կան, պետք է պարզապես դրանք քայլ առ քայլ իրականացնել»։

Ժամանակին ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողով էր գործում, որը ղեկավարում էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը։ Դանիելյանի խոսքով՝ վերջինս հիանալի տիրապետում էր Սևանի և առհասարակ ջրային ռեսուրսների խնդիրներին, և հանձնաժողովն այդ տարիներին բավականին արդյունավետ աշխատանք կատարել թե՛ Սևանա լճի մակարդակի բարձրացման և թե՛ լճի մաքրման ուղղությամբ։

«Վլադիմիր Մովսիսյանի մահից հետո հանձնաժողովի աշխատանքներն այլևս առաջվանը չէին, իսկ հիմա հանձնաժողովը պարզապես դադարել է գործել»։

Բնապահպանի խոսով՝ Հայաստանի էկոլոգիական խնդիրները շատ ավելի խորքային են, քան թվում է առջին հայացքից։ Նա համոզված է, որ քանի դեռ մեր երկրում էկոլոգիական կրթություն և մշակույթ ձևավորված չէ, մենք պարբերաբար նման խնդիրների առաջ ենք կանգնելու։ Դա է պատճառը, որ Կարինե Դանիելյանն բարձրացնում է Հանրային հեռուստաընկերության եթերում էկոլոգիական հարցերին նվիրված հատուկ հաղորդաշարի ստեղծման անհրաժեշտության հարցը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: