Հայերեն   English   Русский  

«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը. Մխիթար Ավետիսյանի նկատմամբ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն


  
դիտումներ: 185

Այսօր՝ հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում էր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը վիրահատվել է և երկու ամիս ժամկետով պետք է ստացիոնար բուժում ստանա, ապա հրապարակեց Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ՝ համապատասխան բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, հաշվի առնելով գործի՝ ողջամիտ ժամկետներում քննելու անհրաժեշտությունը, միջնորդեց դատարանին Մխիթար Ավետիսյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մխիթար Ավետիսյանի մոտ հիվանդությունների առկայությունը, արդյոք այդ հիվանդությունները խոչընդոտում են նրա՝ դատական նիստերին մասնակցելուն։Նախագահող դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեց բավարարել դատախազի միջնորդությունը։

Փորձաքննության կատարումը հանձնարարել ԱՆ դատաբժշկական գիտահետազոտական կենտրոնին։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: