Հայերեն   English   Русский  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բրուքների 4-րդ սիմֆոնիայով ամփոփել է13-րդ համերգաշրջանը


  
դիտումներ: 233

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 13-րդ համերգաշրջանն ամփոփեց ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ։

Անտոն Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծագործական կյանքի մայրամուտին: Նրա ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալից ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկանում։ Բացառությամբ կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիայի, որը կրում է «Ռոմանտիկ» անվանումը, մյուս սիմֆոնիաները հեղինակի կողմից չեն անվանակոչվել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Բրուքների երաժշտությունն իրեն հոգեհարազատ է։ Բրուքների 4-րդ սիմֆոնիան շատ անսպասելի էր ժամանակահատվածի համար, և այսօր լսելով այդ ստեղծագործությունը՝ կարելի է զգալ, ընկալել այն ժամանակաշրջանը, որ ապրում էր հեղինակը։

Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Բրուքներ կոմպոզիտորն իր սիմֆոնիզմով փոխել է աշխարհը։ Նրա սիմֆոնիաներում կուտակված էներգիան փոխանցվում է դարեր շարունակ, հուզում ունկնդիրներին։ «Սիմֆոնիկ նվագախմբերն այժմ բավականին հաճախ են սկսել անդրադառնալ Բրուքներին, քանի որ նրա սիմֆոնիաներն էմոցիոնալ առումով շատ տարբերվող են։ Եվ ամեն անգամ յուրաքանչյուր նվագախումբ կամ դիրիժոր փորձում է իր ինքնատիպ մեկնաբանությունը տալ այդ երաժշտությանը»,- ասում է դիրիժոր Սմբատյանը։

Նշենք, որ Բրուքների 4 մասից բաղկացած 4-րդ սիմֆոնիան հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Գրվել է 1874 թվականին և վերանայվել մի քանի անգամ 1888-ին։ Սիմֆոնիան նվիրված է Հոհենլոե շրջանի արքայազն Կոնստանտինին: Պրեմիերան կայացել է 1881թ. Հանս Ռիխտերի ղեկավարությամբ Վիեննայում և մեծ արձագանք ստացել: Ստեղծագործությունը գրվել է այն ժամանակաշրջանում, երբ ռոմանտիզմը բուռն տարածում էր ստանում արվեստում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: