Հայերեն   English   Русский  

Միջազգային փաստաթուղթ ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի. Վահե Էնֆիաջյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին


  
դիտումներ: 190

Վերջին շրջանում հանրության շրջանում լուրջ քննարկումների տեղիք է տվել Ստամբուլյան կոնվենցիան: Դրան անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:

«Ստամբուլյան կոնվենցիան, որը ՀՀ-ն ստորագրել է 2018թ., սակայն չի վավերացրել, իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, ավելին, այն հակասում է մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Այսպես, ի թիվս այլ խնդիրների, Կոնվենցիայի վավերացմամբ, պետությունն ըստ էության պարտադրված է լինելու արմատախիլ անել բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա:

Կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունելու բացի Սահմանադրությամբ ամրագրված արական և իգական սեռի, նաև այլ երրորդ (սոցիալական) սեռի գոյությունը:

Չանդրադառնալով Կոնվենցիայի խնդրահարույց այլ դրույթներին, պետք է նշեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել և վավերացրել են Կոնվենցիան, 11 պետություն ստորագրել, սակայն չի վավերացրել այն, այդ թվում՝ Հայաստանը, և 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել Կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը: Միևնույն ժամանակ Բուլղարիան պաշտոնապես որոշեց, որ կոնվենցիան չի վավերացվելու, քանի որ այն հակասում է Սահմանադրոթյանը:

Ի վերջո պետք է փաստենք, որ միջազգային փաստաթուղթ ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի: Միևնույն ժամանակ պնդում եմ, որ դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դրանց դեմ պայքարը հնարավոր եմ համարում օրենսդրական առկա կարգավորումներով»,-ասել է Էնֆիաջյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: