Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ պետք է ապրի արվեստագետը, որպեսզի ութ ժամում նման երաժշտություն գրի. «Սուսերով պարի» պրեմիերան՝ Գյումրիում


  
դիտումներ: 255

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը Գյումրիում տրվեց «ԱՊՀ երկրների համարտադրություն ֆորում» ծրագրով: Հուլիսի 9-ին նախ ասուլիս տրվեց, հետո՝ ֆիլմի ցուցադրություն:

Գյումրիում «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ԱՊՀ երկրների արտադրության 8 ֆիլմ կցուցադրվի: Բացումը ազդարարեց Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Այդ օրը Գյումրիում էր նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմը:

«Սուսերով պարը» ֆիլմի պրեմիերան կայացել է Շանհայի միազգային կինոփառատոնում: Ֆիլմը Գյումրիում ցուցադրվեց առաջին անգամ:

Մեկ ֆիլմ էլ կա, որի ռեժիսորն այն ցուցադրելու իրավունք միայն Գյումրիի համար է տվել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը:

«Դա հատուկ գյումրեցիների համար ցուցադրվելիք ֆիլմ է՝ «Էրկեն կիշեր», Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է: Մեկ ֆիլմ էլ հատուկ գյումրեցիների համար մենք ենք նախատեսել «Սերիական մարդասպանը»: Գյումրիում է նկարահանվել, միայն այստեղ էլ կցուցադրվի: Դա էլ մեր ստեղծագործական խմբի նվերն է Գյումրիին, կգնաք, կնայեք: 22 րոպեանոց ֆիլմ է»,-ասաց փառատոնի պատասխանատուն:

«Հոկտեմբեր» կինոթատրոն

Գյումրիում օրական 2 ֆիլմ կցուցադրվի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ժամը 18:00-ին եւ 20:00-ին: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթատողեր: Մուտքն ազատ է: «Ոսկե ծիրան»-ի ներկայությունը Գյումրիում, ըստ քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի, մշակութային ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է: «Պետք է վստահություն հայտնեմ, որ համագործակցությունն իր շարունակությունն ունենալու է: Այն ինչը կատարվում է մայրաքաղաքում,առավել եւս «Ոսկե ծիրան» -ի շուրջ, մինչ այս սահմանափակվում է կինոդիտումներով նաեւ Գյումրիում: Կարծում եմ համագործակցային այլ ծրագրեր պետք է մտածել, եւ անել այնպես, որ մայրաքաղաքային այդ աշխուժությունն ու մեծամասշտաբայնությունն ինչ-որ իմաստով տեղափոխվի նաեւ Գյումրի: Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ պահանջարկ, քանի որ Գյումրիում եւս կինոմշակույթն իր ամենատարբեր դրսեւորումներն ունի»,-փառատոնի պատասխանատուներին տեղեկացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում գյումրեցի հանդիսատեսին ներկայացվեց 20-րդ դարի ամենանշանավոր երաժշտական ստեղծագործություններից մեկի ստեղծման անհավանական պատմությունը։

Գյումրիում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ առիթով «Հոկտեմբեր» կինոթատրոն սովորականից մարդաշատ էր։

«Խաչատրյանը հանճար էր և միևնույն ժամանակ շատ փակ մարդ։ Նա հազվադեպ էր հարցազրույց տալիս։ Երբեք չէր խոսում փիլիսոփայական կամ գաղափարախոսական թեմաներով։ Նրա բոլոր անձնական արտահայտությունները վերաբերում էին ստեղծագործությանը և ընկերությանը։ Մեծ հոգու տեր մարդ էր», - Գյումրիում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը։

«Ֆիլմում բացահայտված են փաստեր, որոնց մասին հայտնի չէր անգամ կոմպոզիտորի կնոջը»,- նշեց ֆիլմի ռեժիսորը: Արամ Խաչատրյանի դերում նկարահանվել է Մոսկվայի Ֆոմենկոյի անվան ստուդիայի երիտասարդ դերասան Համբարձում Կաբանյանը:

Ռեժիսորը երկար է փորփրել արխիվները, մինչև կարդացել է Ռոստրոպովիչի հարցազրույցը և տեսել բոլորովին այլ Խաչատրյանին։

Նրա խոսքով՝ կոմպոզիտորին այդպիսին չի ճանաչել նույնիսկ նրա ընտանիքը, այդ թվում կինը՝ Նինա Մակարովան։ Խոսքը նաև այն մասին է, թե նա որքան ծանր է տարել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։

«Ինձ թվաց, որ կարելի է բախում կառուցել հակադրության վրա․ նա ինչ է զգում և ինչ է պարտավոր անել։ Գաղափար ծնվեց ֆիլմը նկարել նրա կյանքի կարճ շրջանի մասին, երբ նա գրեթե ճնշման տակ գրել է «Սուսերով պարը»», - նշեց ռեժիսորը։

Ռազիկովը նաև հիշեցրեց, որ կոմպոզիտորին հանձնարարել են ստեղծագործությունը գրել Պերմում «Գայանեի» պրեմիերայից մեկ շաբաթ առաջ։ «Գայանե» բալետի, որն առաջին խմբագրությամբ կոչվում էր «Երջանկություն», հանրահայտ «Սուսերով պարը» Արամ Խաչատրյանը գրել է ութ ժամում: Եվ հենց այս պարի ստեղծման պատմությունն է Յուսուպ Ռազիկովի ֆիլմի հենքը:

«Ի՞նչ պետք է ապրի արվեստագետը, որպեսզի ութ ժամում նման երաժշտություն գրի։ Ինչպիսի՞ զգացմունքներ պետք է կուտակված լինեին նրա ներսում։ Հենց դա էլ դարձել է ֆիլմի գլխավոր գաղափարը», - ասաց նա։

Ավելացնենք նաև, որ ֆիլմում մեծ կոմպոզիտորին մարմնավորել է ռուսաստանցի դերասան Համբարձում Կաբանյանը։ Ռեժիսորի խոսքով՝ Համբարձումն անհավանական օժտված մարդ է։

Դերասանն իր հերթին նշեց, որ իր միակ նպատակը եղել է Խաչատրյանի էներգիան փոխանցելը։

«Լիակատար վստահություն կար ռեժիսորի կողմից։ Ուզում էի փոխանցել էներգիան, թեև դա անհնար էր, չէ՞ որ Խաչատրյանն այնպիսի մեծություն է․․․ Մի խոսքով, ինչ կարողացել եմ, արել եմ։ Չգիտեմ, թե դա որքան է ստացվել», - նշեց դերասանը։

Նշենք, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2018 թ-ին երկու փուլով․ առաջինը՝ Ռուսաստանում՝ Յարոսլավլում և Յարոսլավլի շրջանում, երկրորդը՝ Հայաստանում, այդ թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր վիրապում։

Երեւանում հուլիսի 7-ից 14-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 740-ից ավել հայտ է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Դրանցից ընտրվել են միայն 215-ը: Շատ ֆիլմեր կան, որոնք Օսկարի եւ Կաննի կինոփառատոնի դափնեկիրներ են:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից, գործում է GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը, որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 -ից 13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոնների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ՝ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: