Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել երկու երկրներ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին


  
դիտումներ: 62

Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարությունն իր հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Նախագիծը ստորագրելուց հետո այն պետք է ներկայացվի ՍԴ՝ դրա համապատասխանությունը Սահմանադրության հետ որոշելու համար:

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը իր ելույթում նշեց, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան այցի ժամանակ:

Փոխնախարարը նշեց, որ կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Նա նաեւ հավելեց, որ Չինաստանում ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում համաձայնագիրը կվավերացվի:

Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում:

Ըստ այդմ, ՉԺՀ քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում: Միաժամանակ, 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8.430 քաղաքացիների, իսկ մեկնել՝ 8.450: Այսինքն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:

Համաձայնագրով ՀՀ վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: