Հայերեն   English   Русский  

ԲԴԽ անդամ դառնալուց հրաժարված Նախշուն Տավարացյանը պատրաստ է այդ պաշտոնում երդում տալ


  
դիտումներ: 54

Այսօր՝ հուլիսի 11-ին, Armlur-ի հետ զրույցում Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն ասել է, որ պատրաստ է երդում տալ որպես ԲԴԽ անդամ, չնայած 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարվել էր։

Հարցին՝ ի՞նչն է փոխվել, ինչու էր ամիսներ առաջ հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց և հիմա ցանկանում է երդում տալ ու դառնալ ԲԴԽ անդամ, Նախշուն Տավարացյանը պատասխանել է. «Նախ դա օրենքի պահանջն է, իմ հրաժարվելուց հետո ես ԲԴԽ եմ դիմել, ԲԴԽ-ն ինձ պատասխան է ուղարկել, որ օրենքով սահմանված կարգով կարող եմ պաշտոնը ստանձնել միայն երդում տալուց հետո։

Այս պահի դրությամբ այդ տեղը նույնպես մնում է թափուր, դրանից հետո միայն մեկ ժողով է գումարվել, որին ես չեմ մասնակցել, որովհետեւ արձակուրդում եմ գտնվել, եւ դարձյալ ԲԴԽ անդամի հարցը այդ ժողովը չի լուծել։ Երդման պատճառներից մեկն էլ այն է, որ զարգացումներ են տեղի ունեցել, ԲԴԽ անդամներ հրաժարական են տվել, իսկ ես կարծում եմ՝ ես այնքան ուժ ու պոտենցիալ ունեմ իմ մեջ, որ կարող եմ նորացված, առավելագույն վստահություն վայելող ԲԴԽ-ի կազմում պաշտպանել մեր դատարանի անկախությունն ու դատավորների արժանապատվությունը»։

Հարցին՝ այսինքն պետք էր, որ ԲԴԽ–ն նորացվե՞ր, Գագիկ Հարությունյանն էլ հրաժարակա՞ն տար, նա արձագանքեց. «Ես բացարձակապես դրա հետ չեմ ուզում կապել, պարզապես ասում եմ իրավիճակ է փոխվել եւ ես ցանկանում եմ երդում տալ»։

Ավելի վաղ Արդարադատության նախկին նախարար Արփինեն Հովհաննիսյանն այս առնչությամբ նշել էր, որ եթե իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո Նախշուն Տավարացյանն երդում տա, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը եւ առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, եւ լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: