Հայերեն   English   Русский  

Դրամն արժևորվու՞մ է. պարզաբանում է տնտեսագետը


  
դիտումներ: 51

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հայտարարել է, որ վերջին ամիսների ընթացքում նկատվում է դրամի աստիճանական արժևորում, որն էական ազդեցություն կարող է ունենալ երկրի դոլարացված տնտեսության վրա:

Նա, մասնավորապես, նշել է. «Անշուշտ, մասնագետների, քաղաքական գործիչների, գործարարների եւ պարզապես մեր քաղաքացիների համար հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված դոլարի նկատմամբ դրամի` մոտ 3 տոկոսով կամ 12 դրամով արժեւորումը:

Դրամի արժեւորման պատճառները մի քանիսն են՝

ՀՀ կառավարությունը ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի առաջին կիսամյակում ձախողել կամ թերակատարել է իր հարկաբյուջետային քաղաքականությունը: Մասնավորապես, 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն, շուրջ 80 մլրդ ՀՀ դրամով քիչ կապիտալ ծախսեր են իրականացվել կոռուպցիոն ռիսկերի, կառավարման եւ անարդյունավետության հետեւանքով:

Նույն տենդենցը շարունակվում է նաեւ 2019 թվականին. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարությունը 25-30 տոկոսի հասնող պրոֆիցիտ է գրանցում, այսինքն՝ ավելի շատ տնտեսությունից հավաքում է, քան ծախսում: Արդյունքում՝ դրամի քանակությունը ՀՀ կառավարության անարդյունավետ բաշխման հետեւանքով կրճատվում է, ինչը նպաստում է դրամի ուղղակի արժեւորմանը:

Պատահական չէ նաեւ, որ նոր իշխանությունները որոշել են վերանայել զինվորականների եւ ուսուցիչների աշխատավարձերի, կենսաթոշակների չափը, ինչը ողջունելի է: Այնուհանդերձ, ձախողելով կապիտալ շինարարության ծրագրերի իրականացումը, փորձում են ավելացնել ընթացիկ ծախսերը, ինչը չի պահանջում պետական ռեսուրսների կառավարման մեծ ջանքեր:

Ամռան ամիսներին նկատվում է արտարժույթի ներհոսք, ինչը պայմանավորված է գյուղմթերքի եւ վերամշակված գյուղմթերքի արտահանմամբ, ինչպես նաեւ տուրիստական հոսքերով, որոնք նպաստում են մեր տնտեսության մեջ դոլարի քանակության աճին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլ եւ մայիս ամիսներին ունենք արտահանման երկնիշ աճի տեմպ, սակայն այդ աճը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր ազգաբնակչության զգալի մասը չի զգում:

Եթե նախորդ տարիներին գրանցվում էր գյուղմթերքի մեծածավալ վերարտահանում, ապա այս տարի զգալի ավելացել են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ-ից օգտագործված ավտոմեքենաների եւ դրանց մասերի վերարտահանման ծավալները, ինչը Հայաստանի տնտեսության համար ապահովում է լրացուցիչ արտարժութային հոսքեր:

Դրամի արժեւորումը առաջին հերթին հարվածում է մեր արտահանողներին: Հայկական ապրանքների եւ ծառայությունների գները պարտադրված բարձրանում են արտահանման շուկաներում, ինչի արդյունքում մեր ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը: Օրինակ՝ եթե մեկ շիշ գինին 3 դոլար էր արտահանման շուկայում, ապա այլ հավասար պայմաններում գինու գինը բարձրացել է մոտ 3 տոկոսով կամ 10 ցենտով:

Դոլարի արժեւորման պայմաններում էլ ավելի ձեռնտու է ամառային հանգիստը կազմակերպել արտերկրում, արդյունքում՝ տուժում է ներգնա տուրիզմը:

Եվս մեկ հատկանշական փաստ` արժեւորվող դրամի պայմաններում հայկական շուկայում պետք է նվազեին ներկրվող ապրանքների գները: Առանձին ապրանքների դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, օրինակ՝ բենզինի եւ դիզելային վառելիքի, կարագի, հավի մսի գները վերջին ամիսների ընթացքում բարձրացան: Սա վկայում է, որ մեր տնտեսության` մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պահպանում են իրենց ազդեցությունը շուկայի վրա եւ թելադրում են գները:

Որքան էլ հայտարարվում է, թե չկան մուտքի արգելքներ, նոր տնտեսվարողներ շուկայում չկան, կամ նորերն էլ հների հետ համաձայնեցված գնային քաղաքականությունն են վարում: Մենաշնորհների դեմ պայքարը չի ավարտվել, ավելին, դրանց ազդեցությունն անտեսելով, ավելի մեծ վնաս ենք հասցնելու մեր տնտեսության ներառական աճին: Արդյունքում՝ մենաշնորհների գործունեության հետեւանքով առաջացած վնասը դարձյալ վճարելու է հայ սպառողը:

Նախորդ ժամանակաշրջանի դիտումների հիման կարելի է կանխատեսել, որ աշնանը դրամի վրա արժեզրկման գործոնները (արտահանման աճի տեմպի դանդաղում, ներդրումների նվազում, կապիտալ շինարարության ծրագրերի հետաձգում եւ այլն) կավելանան: Եթե չլինեն տնտեսական եւ քաղաքական ֆորս մաժորներ, ապա Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդյունքում դրամը դարձյալ կվերադառնա վերջին տարիների փոխարժեքին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: