Հայերեն   English   Русский  

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում հայտնաբերել է շուրջ 19 խմ փայտանյութ և 460 պարկ փայտածուխ


  
դիտումներ: 210

ՀՀ ոստիկանություն հուլիսի 9-ի ժամը 3։50-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դիլիջանի ոլորաններում նկատել է փայտով բարձված 10-ից 15 բեռնատար։

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ահազանգի մասին զեկուցվել է ՀՀ ոստիկանության պետին։ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության ստորաբաժանումներին անցնել շուրջօրյա ուժեղացված ծառայության, տեղակայել շարժական պահակետեր և հայտնաբերել ապօրինի ծառահատման դեպքեր։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումների շնորհիվ հանրապետության տարբեր հատվածներում հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է փայտանյութով բարձված 32 բեռնատար, որոնցից 9-ի վարորդները չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։ Ըստ նախնական տվյալների, նշված մեքենաներում հայտնաբերված ապօրինի փայտանյութը կազմել է ընդհանուր շուրջ 19 խմ։ Հայտնաբերվել է նաև 460 պարկ փայտածուխ։

Ուժեղացված ծառայության ընթացքում 6 մեքենայի վարորդ չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» ազդանշանին։ Դրանցից 3-ը հայտնաբերվել են, և վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք տուգանվել են 200,000-ական դրամի չափով։

Բացի այդ, հուլիսի լույս 11-ի գիշերը ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից մեկը «Ֆեյսբուք»-ի իր էջում փայտանյութով բարձված բեռնատարի լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Արցախից Երևան ավտոճանապարհին փայտով բեռնված մեքենաներ են։

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները լուսանկարներում պատկերված մեքենան ու վարորդին հայտնաբերել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում։
Մեքենայի վարորդը իրավապահներին է ներկայացրել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած անտառանյութի բացթողման անդորրագիր։

«Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Կոչ ենք անում չխախտել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու կանգնում արդարադատության առաջ»,- նշված է հաղորդագրության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: