Հայերեն   English   Русский  

Տաքարյունություն ու անսահման ընկերասիրություն. վրացի ռեժիսոր Նինո Ժվանիայի «Շքերթ» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է


  
դիտումներ: 466

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթը ներառում է 12 ֆիլմ:

Դրանք են՝ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները:

Մեր հյուսիսային հարևան երկրից՝ Վրաստանից, մրցույթին ներկայացվել է ռեժիսոր Նինո Ժվանիայի 2018 թվականի արտադրության «Շքերթ» ֆիլմը: Այն պատմում է երեք վաղեմի ընկերների մասին: Երեք հասուն, տարիքն առած տղամարդիկ, որ ապրում են իրենց հոգսերի հետ:

Ընկերներից մեկը նկարիչ է, նկարիչ, որ այնքան է նույն իրերն ու երևույթները նկարել՝ արդեն չի էլ հիշում նկարը նո՞ր է, թե՞ հին, ապրում է կնոջ ու որդու հետ՝ փորձելով փողոցում վաճառած նկարներով պահել նրանց: Երկրորդը՝ դերասան է, որ իր ողջ կյանքում այդպես էլ մեծ ֆիլմում նկարահանվելու հրավեր չի ստացել, ապրում է գովազդում նկարահանվելով ու կանանց հետևից վազելով: Ամենահպարտն ու խելացին երրորդ ընկերն է, որ նոր է դուրս եկել բանտից ու փորձում է կյանքին ադապտացվել:

Հավաքվելով նույն տեղում՝ ընկերները հասկանում են, որ իրենց միակ կապողը անցյալի երջանիկ հիշողություններն են ու այդպես էլ չդասավորված 3 կյանքերը: Հասկանալով, որ գուցե արդեն հասել են կյանքի վերջնակետին, երեք ընկերները փոքրիկ արկածախնդրություն են սկսում:

Ճանապարհորդություն, ծեծկռտուք՝ ընկերոջ համար, ուրախ ու տխուր պահեր, և այդ ամենը մեկ օրում: Ֆիլմի սյուժեն ու անսպասելի վերջաբանը կհետաքրքրի ֆիլմասերին: Հայ ֆիլմասերը ավելի շատ կհավանի ֆիլմը, քանի որ այնտեղ կգտնի հայկական կոլորիտ, հերոսների մեջ կտեսնի կովկասյան տաքարյունություն, ազնվություն, թախիծ ու ամենակարևորը մեծ ընկերասիրություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: