Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Երևանում. կա 2 զոհ, 6 վիրավորներից 2-ը երեխաներ են


  
դիտումներ: 269

Այսօր՝ հուլիսի 12-ին ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն եւ Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։

Աղբյուրը հայտնում է, որ վարորդներից Գուրգեն Ս.-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղեւոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։

Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. եւ Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների եւ վիրավորների ամբողջական ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է նաեւ որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, որոնք մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, սահամանազատել տարածքն ու վերջում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: