Հայերեն   English   Русский  

Երևանում մեկնարկեց 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի շինարարությունը


  
դիտումներ: 930

Այսօր՝ հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցավ նոր՝ 250 մեգավատ հզորությամբ, գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Նոր էլեկտրակայան

Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Մեկնրակին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղեկցությամբ:

Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում: Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

Վարչապետ Նիկոլ փաշինյանին տեղեկացրին, որ շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ: Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի: Նոր արտադրող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաև տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանկման ծրագրում:

Ծրագրի իրականացման շրջանակային համաձայնագիրը կնքվել էր 2017 թվականի ապրիլի 27-ին, այնուհետև համաձայնագրի դրույթները Փաշինյանի գլխավորած նոր կառավարության կողմից վերաբանակցվել են, և 2018-ի նոյեմբերի 13-ին ստորագրվել են Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: