Հայերեն   English   Русский  

Մեքսիկական բնիկներին հատուկ կոլորիտով «Գիեդանիի պորտը» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է


  
դիտումներ: 454

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթը ներառում է 12 ֆիլմ:

Դրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում յուրօրինակ սյուժեով, դերասանական ու ռեժիսորական կազմով, թեմատիկայով: 2018 թվականին նկարահանված մեքսիկական «Գիեդանիի պորտը» ֆիլմը ևս ընդգրկված է լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Ռեժիսոր Շավի Սալայը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գտնվում է Հայաստանում ու այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ֆիլմն ու անդրադարձավ այն խնդիրներին, որ դրված են ֆիլմի հիմքում:

Մեքսիկայի բնիկ Սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջիկ՝ Գիեդանին, մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում խտրականություններին, նվաստացումներին, դիմադրում է և ընդդիմանում կարգուկանոնին: Ամեն ինչ փոխվում է, երբ նա հանդիպում ու ընկերանում է Կլաուդիա անունով մի ըմբոստ աղջկա հետ:

Չբացելով ֆիլմի բոլոր գաղտնիքները՝ ռեժիսորը նշում է, որ չնայած սյուժեն ու կերպարները հորինված են, բայց դրանք արտացոլում ու վեր են հանում այն բոլոր խնդիրներն ու երևույթները, որ կան այսօր Մեքսիկայում ապրող բնիկ ցեղերի ու միջին կամ բարձր վերնախավի միջև:

«Սա առաջին ֆիլմն է, որ բացի իսպաներենից ֆիլմի հերոսները խոսում են նաև սապոտեկ լեզվով: Թեման նոր չէ, այն շատերին արդեն իսկ տեսած ֆիլմեր կհիշեցնի, որի գլխավորը հերոսը ըմբոստ աղջիկ է՝ իր իրավունքների համար պայքարող, բայց այս ֆիլմում փորձել եմ մի շարք հարցեր բարձրացնել, որոնց պատասխանները ցավոք ես էլ չունեմ»,-ասում է Շավի Սալան:

«Գիեդանիի պորտը» Սալայի առաջին խաղարկային ռեժիսորական աշխատանքն է: Նա նշում է, որ ավելի քան 2 տարի փնտրել է դերասանուհու, որ կմարմնավորի գլխավոր հերոսուհուն ու կկերտի իր պատկերացրած կերպարը: Ֆիլմը դեռ միայն Չիկագոյում է ցուցադրվել: Աշնանը կցուցադրվի նաև ԱՄՆ-ում ու Մեքսիկայում: Իսկ հայ ֆիլմասերն այն կարող է դիտել Մոսկվա կինոթատրոնում այսօր՝ ժամը 17:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: