Հայերեն   English   Русский  

2-րդ համաշխարհային պատերազմի մոտիվներով նկարահանված ռուսական «Լողլողը» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում է


  
դիտումներ: 3729

Առաջին անգամ Կաննի միջազգային կինոփառատոնում ցուցադրված ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի ցանկում է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ահարկու շունչն ու մարդկանց ապրելու ու արարելու հույսն է արտռացոլված ֆիլմում:

1945 թվական, Լենինգրադ: Երկրորդ աշխարհամարտը պատուհասել է քաղաքը՝ ավերելով շինություններն ու բնակիչներին թողնելով բարոյական ու ֆիզիկական սնանկության մեջ: Թեև վերջապես ավարտվել է պաշարումը, որ պատմության մեջ վատթարագույններից էր, բայց կյանքն ու մահը շարունակում են կռիվ տալ քաղաքից մնացած ավերակների վրա: Երկու երիտասարդ կին՝ Իյան ու Մաշան, ավերակների մեջ իրենց կյանքը վերակառուցելու պայքարում իմաստ և հույս են փնտրում:

Ֆիլմում գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Մաշայի դերակատար Վասիլիսա Պերելեգինան կինոփառատոնի շրջանակներում գտնվում է Հայաստանում ու այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոստովանեց, որ բավական դժվար է եղել կերպարը կերտելը, սակայն ստեղծագործական պրոֆեսիոնալ թիմը կարողացել է ամեն ինչ հասցնել փայլուն ավարտին: Դերասանուհին նաև նշում է, որ դժվար կլիներ պատմական մոտիվներով ֆիլմ ստանալ, եթե իրենց խմբի հետ չաշխատեին Երկրորդ համաշխարհային պատերազմի ականատես մարդիկ:

Ֆիլմում հերոսները փորձում եմ մոռանալ ու հաղթահարել պատերազմի արհավիրքներն ու դժվարությունները և առաջ շարժվել, պայքարել հանուն սիրելիների:

Նշենք, որ բացի «Լողլողը» ֆիլմից «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի ցանկում ևս 11 ֆիլմ կա: Դրանք են Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: