Հայերեն   English   Русский  

Մեծ ազգի՝ փոքրիկ մայրը. դիվանագետ Դիանա Աբգարի կյանքի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում


  
դիտումներ: 3734

19-րդ դարավերջ-20-րդ դարասկիզբ. հայերի կոտորածներ, ցեղասպանություն, միլիոնուկես անմեղ զոհեր, միլիոնավոր տեղահանվածներ ու փախստականներ, որ մնացին անհայրենիք ու անպետություն:

Այս տարիներին էր, որ Ճապոնիայում բնակվող հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարը փաստացիորեն դարձավ կորուսյալ պետության դեսպանը ոչ միայն Ճապոնիայում, այլև ողջ աշխարհում: Նա տարիներ շարունակ գործում էր Հայաստանի և Ցեղասպանությունը վերապրածների համար՝ փորձելով կարեցածի ու գուցե նաև ուժերի սահմանից էլ այն կողմ օգնել իր հայրենակիցներին:

Չնայած հայոց պատմության էջերում քիչ են աչքի ընկած կանայք, բայց եղածներին էլ բավական ուշադրություն չի դարձվում: Ուղիղ 100 տարի անց Դիանա Աբգարի ծոռնուհին՝ Միմի Մալայանն ինքն է նախաձեռնել ու նկարահանել իր տատի կյանքի մասին պատմող ֆիլմ՝ ցանկանալով այդ կերպ աշխարհին պատմել մի կնոջ մասին, որ հարյուրավոր տղամարդ քաղաքական գործիչների մեջ պայքարում էր հանուն արդարության ու հանուն հայերի գոյության: Դիանա Աբգարի կենսագրության մասին պատմող Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի ամերիկյան արտադրության «Անպետություն դիվանագետը» ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է:

Դիանա Աբգարն ապրելով Ճապոնիայում՝ իր եռանդն ու միջոցները ի սպաս դրեց Հայկական հարցին՝ գրելով գրքեր ու հոդվածներ, խնդրելով և վերահաս վտանգի մասին զգուշացնելով խաղաղությամբ շահագրգիռ կազմակերպություններին, գիտնականներին, միսիոներներին և քաղաքական գործիչներին: Երբ ոչ ոք չանսաց Դիանայի կանչին, և կոտորվեց 1.5 միլիոն մարդ, փրկվածները փախուստի դիմեցին բոլոր ուղղություններով: Նրանք, ովքեր դեպի հյուսիս՝ Ռուսաստան գնացին, երկիրը տեսան բոլշևիկյան արյունոտ հեղափոխությամբ բռնված, ուստի անսպասելի ուղղություն ընտրեցին՝ անծայրածիր Սիբիրով դեպի արևելք, մինչև Խաղաղ օվկիանոսի ափերն ու Վլադիվոստոկ նավահանգստային քաղաքը: Բայց առանց պատշաճ ուղևորական փաստաթղթերի նրանք կանգ առան՝ այլևս չկարողանալով ուղին շարունակել:

Դիանան ստանձնեց դիվանագետի ու մարդասերի նոր դերը՝ դառնալով կորուսյալ Հայաստան պետության փաստացի դեսպանը: Նա փախստականներին ապաստան տրամադրելու համար բանակցում էր Ճապոնիայի կառավարության հետ, սեփական միջոցներով տներ վարձում նրանց պատսպարելու համար, երեխաներին տեղավորում էր դպրոցներում, օգնում մուտքի արտոնագրերի ու փաստաթղթերի հարցում, ապահովում էր նավարկումը և ուղևորության եզրափակիչ փուլն իրականացնելու համար գտնում փախստականների՝ Ամերիկայում գտնվող ազգականներին: Գրող, գործարար կին, ակտիվիստ, մարդասեր և դիվանագետ Դիանա Աբգարը մեն-մենակ Ցեղասպանության հարյուրավոր վերապրողների փրկեց: Թե՛ նա, թե՛ փախստականները նույն տեսլականն ունեին, ինչքան էլ դա անիրական լիներ. ջանադիր աշխատանքով, համառությամբ և մարդկային փոքր-ինչ կարեկցանքով հաջողության հասնել:

Ֆիլմի ռեժիսոր Միմի Մալայանը կարծում է, որ ֆիլմը կօգնի, որ իր տատին՝ մեծ ազգի՝ մոքրիկ մայրիկին աշխարհը ճանաչի ու գնահատի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: