Հայերեն   English   Русский  

​Թումանյանական և կոմիտասյան շունչ՝ «Գառնի» պատմամշակութային թանգարանում


  
դիտումներ: 625

Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա համերգ` նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150–ամյակներին։

Հուլիսի 14–ին Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում երաժշտասերներն ավելի քան երկու ժամ կարող են վայելել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150–ամյակներին նվիրված հոբելյանական համերգը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը։

Կոմիտասյան խմբերգային գոհարներ, Թումանյանի բանաստեղծություններով գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից կհնչեն Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հուլիսի 14-ին, երեկոյան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով, այս միջոցառումը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին նվիրված ամենամեծ ծրագրերից է: Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Նազարյանը հիանալի երեկո խոստացավ` յուրահատուկ լուսային և ձայնային շոուով։

Մուտքը տոմսերով է: 850 նստատեղ, արժեքը հինգ հազարից՝ տասնհինգ հազար դրամ:

«Կարծում եմ, որ նման միջոցառման համար, սա թանկ գին չէ»,- ասում է Նորայր Նազարյանը: Զբոսաշրջային գործակալություններին հետաքրքրել է միջոցառումը և կազմակերպիչներն ակնկալում են մեծ թվով զբոսաշրջիկների:

Տարին հոբելյանական է և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեռ տարբեր միջոցառումներ է կազմակերպելու: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Էջմիածնի նորակառույց վեհարանում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Իր հերթին Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այդ օրը կկատարվեն նաև Կոմիտասի քիչ հայտնի ստեղծագործությունները։

«Այդ օրը չի հնչի հոգևոր երաժշտություն, այլ բացառապես` աշխարհիկ։ Կհնչեն տարբեր ստեղծագործություններ, և հանդիսատեսը գոհ կհեռանա», – ասաց նա։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հաղորդեց, որ համերգի ընթացքում կհնչեն Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված մեներգեր և երգչախմբային կատարումներ, ռոմանսներ, ինչպես նաև հատվածներ «Անուշ» օպերայից։

Հիշեցնենք, որն 2019թ.–ին ամբողջ աշխարհի հայերը նշում են Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները։

Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Հայաստանի Հանրապետության կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել են կազմակերպության հավանությունը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրւթյան համաձայն՝ 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 23 հոբելյանական տարեթիվ:

Տոնակատարությունների շրջանակում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: