Հայերեն   English   Русский  

​Էրեբունու անտառպետության անտառային տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու հետևանքով պետությանն էական վնաս է պատճառվել.


հարուցվել է քրեական գործ


  
դիտումներ: 428

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝

Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառապետության տարածքում անտառապատման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար անտառային հողերից հողատարածք հատկացնելու օրինականությանը ստուգելու նպատակով՝ ներկայացնելով հասակական նախաձեռնություն հանդիսացող «Բնապահպանական հանրային դատարանի» դատական նիստի վճիռը /արձանագրությունը/:

Դիմումը և համապատասխան փաստաթղթերը 29․04․2019թ. Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ դրանց հիման վրա քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի 550-Ն որոշմամբ պետական պահուստային ֆոնդից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին է փոխանցվել 59 մլն ՀՀ դրամ՝ Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների, ոռոգման ցանցի անցկացման և ցանկապատման համար։

Հիշյալ աշխատանքների իրականացման կապակցությամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր: Սակայն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Սկսվել է նախաքննություն: Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա է դառնալու նաև տրամադրված միջոցների նպատակային ծախսման, պայմանագրային պարտավորությունների փաստացի կատարման իրական հանգամանքները, որոնց արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին կտրվեն համարժեք իրավական գնահատականներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: