Հայերեն   English   Русский  

​Ապահարզանը՝ միջազգային սկանդալ․փախել է Դուբայի էմիրի կինը


  
դիտումներ: 1072

Ամուսինների տարաձայնությունները կարող են միջազգային սկանդալի պատճառ դառնալ։ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի Էմիր Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի 6-րդ կինը՝ Հայա բինթ ալ-Հուսեինը, երկու երեխաների՝ 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ փախուստի է դիմել՝ իր հետ տանելով նաև 39 մլն դոլար։ Հայան Հորդանանի արքա Աբդալլահ 2-րդի քույրն է։

Հայան նախ ապաստանել է Գերմանիայում։ Գերմանիան մերժել է էմիրի պահանջը իր ընտանիքն արտահանձնելու վերաբերյալ, ապա նաև մերժել է Հայային և նրա երեխաներին քաղաքական ապաստան շնորհել՝ այսպիսով խուսափելով ԱՄԷ-ի հետ հարաբերությունների վատթարացումից։ Ներկայում Հայան իր երեխաների հետ ապաստանել է Լոնդոնում՝ 85 մլն ֆունտ արժողությամբ բնակարանում, որը 2017-ին նա գնել է իր անձնական միջոցներով։ Նա նաև ապահարզանի վերաբերյալ հայց է ներկայացրել բրիտանական դատարան։ Արքայադստեր շահերը պաշտպանելու է բրիտանական արքայազնների՝ Հարիի և Ուիլյամի փաստաբանը, որը նաև ժամանակին արքայադուստր Դիաննայի շահերն է պաշտպանել ապահարզանի գործընթացում։

Առաջիկա օրերին բրիտանական դատարանը լսելու է երեխաների նկատմամբ խնամակալության հարցը՝ էմիրը պահանջում է իրեն հանձնել երեխաներին։ Նշենք, որ Հայան դեռ մանկուց Բրիտանիայի քաղաքացի է, հետևաբար նրա արտահանձնման հարց չի կարող դիտարկվել։ Նա կարող է իր քաղաքացիությունը նաև երեխաներին փոխանցել։

արքայադուստր Հայա

Ո՞վ է արքայադուստր Հայան

45-ամյա Հայա բինթ ալ-Հուսեինը Հորդանանի նախկին թագավորի՝ Հուսեին իբն Թալալի դուստրն է, ներկայիս Աբդալահ 2-րդ թագավորի հարազատ քույրը։ Հայան մորից ստացել է բրիտանական քաղաքացիություն։ Նա դեռ երեք տարեկան էր, երբ ավիավթարի պատճառով կորցրեց մորը։ Հորդանանի արքան իր դստերը կրթության է տվել Մեծ Բրիտանիայում։ Նախ սովորել է Բադմինտոնի աղջիկների դպրոցում, ապա Հարվարդի համալսարանում։ Հայան փիլիսոփայության և քաղաքագիտության բակալավրի աստիճան ունի։

Հորդանանի արքայադուստրը միշտ ունեցել է շատ ավելի ազատություն, քան Մերձավոր Արևելքի երկրների կանայք ունեն։ 6 տարեկան հասակում հայրը նրան ձի է նվիրել, ինչն էլ որոշիչ դերակատարություն է ունենում նրա կյանքում։ 13 տարեկան հասակում նա մասնակցել է համաարաբական խաղերին և բրոնզե մեդալ նվաճել՝ դառնալով պարգևի արժանացած իգական սեռի առաջին ներկայացուցիչը։ 2000 թվականին Հայան ներկայացրել է Հորդանանը Սիդնեյի օլիմպիական խաղերում՝ լինելով դրոշակակիրը։ Իսկ 2002-ին մասնակցել է ձիախաղերի համաշխարհային առաջնությանը։ Նա նաև Հորդանանում առաջին կինն է եղել, որը բեռնատար վարելու թույլտվություն է ստացել, որպեսզի կարողանար տեղափոխել իր ձիերին։

արքայադուստր Հայա

Հայայի առաջինը լինելու ոլորտներն այսքանով չեն սահմանափակվում։ Նա նաև առաջին արաբական երկրի ներկայացուցիչ կինն է եղել, որ դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Նա մի շարք բարեգործական ծրագրերում է ներգրավված։ 2006-ին նա դարձել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի առաջին ոչ եվրոպացի ղեկավարը։

Հայան կարծրատիպեր է կոտրել նաև էմիրի կնոջ դերում։ Արաբական, մահմեդական աշխարհում ընդունված չէ միջոցառումներին ներկայանալ կնոջ ուղեկցությամբ, մինչդեռ Հայան ամեն տեղ և միշտ ուղեկցում էր իր ամուսնուն։

Հորդանանի արքայադստեր և Դուբայի էմիրի ամուսնությունը

Ուշագրավ է, որ սերը ձիերի ու ձիասպորտի նկատմամբ ճակատագրական է եղել Հայայի անձնական կյանքի համար։ Դեռ երիտասարդ տարիներին ձիասպորտը միավորող հանգամանք է եղել Հայայի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եղբոր՝ վաղամեռիկ Բասիլի հետ, որը և պետք է դառնար Սիրիայի առաջնորդը։ Նրանք կարող է և ամուսնանային, եթե չլիներ Բասիլի մահը։

արքայադուստր Հայա

Ձիասպորտն է միավորել նաև Հայային և Դուբայի Էմիրին։ Էմիրը նրանից մեծ է 24 տարով։

Չնայած նրանց ծանոթության մանրամասները ԶԼՄ-ներին հայտնի չեն, սակայն Հայան հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ կարևորել է իրենց ընդհանուր հոբբին։ Մուհամմադ բին Ռաշիդը աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ձիարշավարաններում 700 ցեղական ձիեր ունի, նա ձիարշավի սիրահար է։

Հայան և Մուհամմադը ամուսնացել են 2004-ին։ Նրանց ամուսնությունն այն ժամանակ համարվել է դիվանագիտական հաջողություն թե Դուբայի, թե Հորդանանի համար։ Տեսակետ կա նաև, որ այդ ամուսնությունն իր դերն է ունեցել Մուհամմադի՝ Դուբայի էմիր նշանակվելու գործում։

Զույգն ունի երկու երեխա՝ 11-ամյա աղջիկ և 7-ամյա տղա։ Իսկ էմիրն ընդհանուր առմամբ ունի ըստ տարբեր լուրերի 23-30 երեխա տարբեր կանանցից։

Հայան սոցիալական ցանցերում պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որտեղ Մուհամմադ բին Ռաշիդը ներկայանում էր որպես ընտանիքի սիրող հայր և ամուսին։ Նա նաև բոլոր հարցազրույցներում մեծարում էր իր ամուսնուն, նրան համարում իր ոգեշնչման աղբյուրը։ 15 տարի շարունակ նրանք եղել են իդեալական ամուսնինների օրինակ։

արքայադուստր Հայա

Փախուստի պատճառները

Շատերի մոտ զարմանք է առաջացնում Հայայի փախուստը, քանի որ ԱՄԷ-ն համարվում է Պարսից ծոցի ամենաազատ երկրներից։ Օրինակ, հարևան Սաուդյան Արաբիայի համեմատությամբ ԱՄԷ-ում կանայք շատ ավելի ազատություններ և իրավունքներ ունեն։

Այդուհանդերձ, Էմիրի ընտանիքից սա փախուստի առաջին դեպքը չէ։ Նրա դուստրերից մեկը՝ արքայադուստ Շեկյան, փախուստի անհաջող փորձ է իրականացրել 2000 թվականին։ Այդ պահից ի վեր նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Իսկ նրա մյուս դուստրը՝ 33-ամյա Լատիֆան, փախուստի 2-րդ անհաջող փորձն իրականացրեց նախորդ տարի։ Արքայադուստրը տեսաուղերձում, մեկնաբանելով իր արարքը, հայտարարել էր, որ իր հայրը շատ դաժան է, հակվածություն ունի ծեծի ու խոշտանգումների նկատմամբ, բռնություն է կիրառում իր և մյուս հարազատների հանդեպ։ Լատիֆան պատմել էր, որ իր առաջին փախուստի փորձից հետո երեք տարի փակի տակ է անցկացրել, երկար ժամանակ մութ տարածությունում է պահվել, նրան մերժել են անգամ հիգիենայի պարագաների տրամադրման հարցում։ Լատիֆայի օտարերկրյա ընկերները տևական ժամանակ է, իրականացնում են «Ազատ Լատիֆա» ակցիան՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելով արքայադստեր անհետացման վրա։ Նախաձեռնության ներկայացուցիչները դիմել են նաև Հայային՝ կոչ անելով նրան պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Լատիֆայի հետ։

Նշենք, որ ըստ լուրերի՝ Հայայի փախուստի պատճառ է դարձել այն, ինչ նա իմացել է Լատիֆայի հետ տեղի ունեցածի մասին։ Նա սարսափել է արքայադստեր հետ տեղի ունեցածից՝ մտավախություն ունենալով, որ ինչ-որ ժամանակ նման բան կարող է տեղի ունենալ նաև իր կամ իր երեխաների հետ։

Կա նաև փախուստի մեկ այլ վարկած, ըստ որի Հայան փախել է իր սիրեկանի մոտ։ Ըստ լուրերի՝ Հայան վերջին տարիներին սիրային կապի մեջ է եղել ընտանիքի թիկնապահներից մեկի հետ, որը նախկինում Մեծ Բրիտանիայի զինված ուժերում է ծառայել։ Նշվում է, որ Հայան թիկնապահին նվիրել է ֆերմա Մեծ Բրիտանիայում, թանկարժեք ավտոմեքենա, զենք։ Իբրև թե նրա ամուսինը կասկածներ է ունեցել իր կնոջ և թիկնապահի միջև կապի վերաբերյալ, ուստի Հայան ստիպված է եղել փախչել, որպեսզի փրկվի։ Սիրային կապի բացահայտման դեպքում նա էլ կարող էր անհայտ կորել, ինչպես Էմիրի դուստրերը։

արքայադուստր Հայա

Այս վարկածը տարածվեց այն բանից հետո, երբ Էմիրն ինստագրամում բանաստեղծություն հրապարակեց, որում էպիկական հերոսուհուն մեղադրում է դավաճանության մեջ և նշում՝ իր համար միևնույն է, մեռած է նա, թե ողջ։ ԶԼՄ-ների կարծիքով՝ բանաստեղծությունն ուղղված է հենց Հայային։

Կա նաև երրորդ վարկածը, որի համաձայն էմիրն է սկսել դավաճանության մասին խոսակցություններ տարածել՝ Հայայից ազատվելու համար, սակայն վերջինս ավելի օպերատիվ է արձագանքել ու փախել է։ Նման արարքի պատճառ կարող էր լինել այն, որ կինն իր գործունեությամբ ու հայտնիությամբ ինչ-որ առումով ստվերում էր ամուսնուն։

Չհաստատված լուրեր կան նաև, որ փախուստի պատճառներից է եղել այն, որ Դուբայի Էմիրը շարունակ համոզել է կնոջը միանալ Հորդանանում հեղաշրջում իրականացնելու գաղափարին։

Միջազգային սկանդալի վտանգը

Եթե Հայան ի վերջո որոշի մնալ Մեծ Բրիտանիայում, այս երկիրը բավականին երկակի վիճակում կհայտնվի։ Չի կարող արտահանձնել իր քաղաքացուն, բայց ունի նաև տնտեսական շահեր ԱՄԷ-ի հետ։ ԱՄԷ-ում ապրում ու աշխատում են Մեծ Բրիտանիայի շուրջ 100 հազար քաղաքացիներ, երկու երկրները սերտ տնտեսական կապեր ունեն։

Հայան չի կարող նաև իր հայրենիք վերադառնալ, քանի որ նրա եղբայրը՝ Աբդալլահ 2-րդ արքան ևս ծանր կացության մեջ կհայտնվի քրոջը պաշտպանելու պարագայում։ ԱՄԷ-ում աշխատում են Հորդանանի շուրջ 250 հազար քաղաքացիներ, որոնք իրենց վաստակը գրեթե ամբողջությամբ հայրենիք՝ Հորդանան են ուղարկում։

Չճշտված լուրերի համաձայն՝ Հայայի փախուստին աջակցել են Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահայանը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը։ Եթե լուրերը հաստատվեն, ակնհայտ է, որ ընտանեկան դրաման շատ ավելի մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում լարվածության վրա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: