Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 550

Ջրհեղեղների ժամանակը

Անցած շաբաթ տարերքը խուճապի մատնեց անգամ գերտերության մայրաքաղաքը: Շաբաթի առաջին օրը Վաշինգտոնում սկսվեց հորդառատ անձրևներով և դրա հետևանքով առաջացած ջրհեղեղով: Մեքենաներ էին մնում ջրի տակ:

Վարորդներից շատերը պարզապես թողնում էին մեքենաները փողոցներում և լողալով հասնում անվտանգ վայր։ Շատերին էլ փրկարարներն են դուրս բերել մեքենաներից: ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունն արտակարգ դրություն հայտարարեց, մասամբ դադարեցվեց տրանսպորտային հաղորդակցությունը, կաթվածահար եղան մետրոյի մի քանի կայարաններ, ջուրը հասավ նույնիսկ Սպիտակ տուն և ծածկեց քաղաքի մի շարք շրջաններ:

Տեղատարափ անձրևներն ու ջրհեղեղը պատուհասեցին նաև Իսպանիայի հյուսիսային հատվածը, ջուրը ծածկեց Թաֆալյա քաղաքը, ավերեց ճանապարհները, կաթվածահար արեց երկաթուղին, նույնիկ մարդկային զոհ եղավ. ջուրը քշեց-տարավ ավտոմեքենայի մեջ նստած վարորդին:

Տարերքը չխնայեց նաև Ուկրաինայի Խարկով, Նովոդնեստրովսկ քաղաքների, ԲուլղարիայիՊլովդիվ և Ստարա Զագորա քաղաքների բնակիչներին, իսկ Չինաստանի, մասնավորապես՝ Գույչժոու, Սիչուան և Խունան նահանգների բանկիչներին ուղեկցեց ողջ շաբաթվա ընթացքում: Հուլիսի 12-ի տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով 61 մարդ է զոհվել Չինաստանի կենտրոնական և հարավային նահանգներում, 356 հազար մարդ տարհանվել է:

Ուշագրավ է, որ շաբաթը Միացյալ Նահանգներում սկսվեց և ավարտվեց արտակարգ դրությամբ: Շաբաթ երեկոյան խափանվեց Նյու Յորքի էլեկտրամատակարարումը, մետրոյի գնացքները կանգ առան, մարդիկ մնացին վերելակներում, հանգեցին փողոցների լուսացույցները, մթության մեջ մնաց 70 հազար մարդ, Բրոդվեյի թատրոնները չեղարկեցին ներկայացումները: Պարզվեց՝ այրվել է Մանհեթենի տրանսֆորմատորը: Ուշագրավ է նաև, որ այս դեպքը տեղի ունեցավ էլեկտրամատակարարման 1977 թվականի խոշոր խափանման տարելիցի ժամանակ, որը մթության մեջ էր թաղել ողջ Նյու Յորքը, և որի ժամանակ տեղի էին ունեցել զանգվածային կողոպուտներ և հրդեհներ:

Վլադիմիր Պուտին

Պուտինը պատժամիջոցների չդիմեց՝ հարգելով վրացի ժողովրդին

Թբիլիսիում «Ռուսթավի 2» հեռուստակայանի հաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքի և դրան հաջորդած զարգացումների հետևանքով էլ ավելի մեծ թափ առան և նոր երանգներ ստացան դեռևս 19 օր առաջ սկսված բողոքի ցույցերը: Միայն երկուշաբթի չորս տարբեր ցույցեր էին տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում, Ռուսթավելու պողոտայում մի խումբը պահանջում էր Վրաստանի Գեորգի Գախարիի հրաժարականը, մյուսը բողոքում էր ԼԳԲՏ համայնքի դեմ: Դրանից առաջ ՆԳՆ շենքի առաջ ավարտվել էր վերջիններիս «Արժանապատվության երթը»: Նույն ժամանակ վերականգնվել էր հանրահավաքը «Ռուսթավի 2» հեռուստակայանի շենքի մոտ, ցուցարարները պահանջում էին հեռացնել լրագրող Գաբունիային և հեռուստակայանի ղեկավարությանը:

Այդ օրը դադարեցվեց Վրաստանի և Ռուսաստանի օդային հաղորդակցությունը, «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վերջին թռիչքն իրականացրեց դեպի Թբիլիսի: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում պահանջում էին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ, սակայն Պուտինը հայտարարեց, որ չի դիմի այդ քայլին՝ հարգելով վրացի ժողովրդին, որը չպետք է տուժի չկայացած լրագրողի գործողությունների հետևանքով:

Նույն օրը, ի դեպ, Վրաստանի պատգամավոր Գեորգի Ծերեթելին վերընտրվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վերաժողովի նախագահ: Վերընտրվեցին նաև ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահներ Վիկտոր Պաուլ Դոբրեն (Ռումինիա) և Ազայ Գուլիևը (Ադրբեջան): Փոխնախագահ դարձավ նաև Նիլզա դե Սենան Պորտուգալիայից:

Քիմ Դերրոկ

«Դիվանագիտական վանդալիզմ»

Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերրոկի հետ կապված սկանդալի արձագանքներն օրակարգում մնացին ողջ շաբաթվա ընթացքում, որոնք որոշակի լարվածություն են առաջացրել այդ երկրների հարաբերություններում: Ինչպես հիշում ենք, մի շաբաթ առաջ մամուլի էջերում հայտնվեցին դեսպանի գաղտնի նամակագրության որոշ հատվածներ, որոնցում Դերրոկը Նահանգների ղեկավարին որակում էր «ապաշնորհ, անինքնավստահ ու անգետ» և կանխատեսում էր, որ «Թրամփի կարիերան կարող է ավարտվել խայտառակությամբ»: Երկուշաբթի Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնն այլևս գործի չի ունենալու Դերրոկի հետ, միաժամանակ քննադատեց թագավորության վարչապետ Թերեզա Մեյին: Չորեքշաբթի Դերրոկը հրաժարական տվեց: Լոնդոնն էլ իր հերթին ափսոսանք հայտնեց դիվանագիտական նամակագրության արտահոսքի կապակցությամբ, բայց և պաշտպանեց դեսպանին՝ պնդելով, որ նա վայելում է կառավարության ղեկավարի լիակատար վստահությունը:

Երեկ՝ հուլիսի 14-ին, տեղեկատվության արտահոսքի ևս մի չափաբաժին նետվեց լրատվամիջոցներ: Այժմ արդեն նախկին դեսպանի նամակագրությունից պարզ դարձավ, որ ժամանակին նա կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփը հրաժարվեց Իրանի հետ միջուկային պայմանագրից ի հեճուկս իր նախորդի՝ Բարաք Օբամայի, իսկ ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից համարել է «դիվանագիտական վանդալիզմ»: «Վարչակազմը տրամադրված է դիվանագիտական վանդալիզմի գործողության, ըստ ամենայնի, գաղափարական և անձնական դրդապատճառներով, չէ՞ որ դա Օբամայի գործարքն է եղել»,- գրել է նա՝ մեկ այլ նամակում էլ հայտնելով, որ Սպիտակ տանը տիրող հաշվեհարդարների և քաոսի մասին լուրերը հիմնականում հաստատվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքականությունը այնպիսի կարևոր հարցերի կապակցությամբ, ինչպիսի Իրանն է, անկապ է և քաոսային:

Լրագրողների պաշտպանության կոմիտե

Խոսքի ազատության հակառակ կողմը

Լոնդոնում հուլիսի 10–11–ն անցկացվեց Մամուլի ազատության խորհրդաժողովը, որի կազմակերպիչներն էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու Կանադայի կառավարությունը։ Կազմակերպիչները հրաժարվեցին հավատարմագրել RT հեռուստաընկերությանն ու Sputnik գործակալությանը՝ հայտարարելով, որ մերժման պատճառը «ապատեղեկատվության տարածման գործում մեծ դերակատարությունն» է: Սա ոչ միայն ռուսական լրատվամիջոցների վրդովմունքը հարուցեց, այլև միջազգային լրագրողական կազմակերպությունների անհանգստությունը: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» հուլիսի 9-ին ուղերձ հղեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթին, որում մասնավորապես ասվում էր, որ այդ կերպ Բրիտանիայի կառավարությունը փաստորեն օրինակ է ծառայում ավտոկրատ կառավարությունների համար, որոնք նույն կերպ են հիմնավորում քննադատաբար տրամադրված լրագրողների նկատմամբ ճնշումները. «Այդ մերժումով ձեր կառավարությունը վտանգի տակ է դնում խոսքի ազատության հենց այն սկզբունքները, որոնք պետք է առաջադրվեն խորհրդաժողովում»,- ասվում էր ուղերձում:

Թերեզա Մեյ

Թերեզա Մեյի արցունքները

Անցած շաբաթ Թերեզա Մեյը տվեց իր վերջին հարցազրույցը որպես երկրի վարչապետ: Նա Daily Mail-ին պատմեց, որ իրեն ապշեցրել է հանրության արձագանքը իր արտասվելուն, երբ հրաժարական էր տալիս: Այդ վերաբերմունքն իր նկատմամբ նա համարել է սեքսիստական: «Եթե տղամարդ վարչապետի ձայնը խզվեր, նրանք [քննադատները] կասեին. «Ին՜չ ցնցող հայրենասիրություն, նա իսկապես սիրում է իր երկիրը»: Բայց եթե կին վարչապետն է անում նույնը, նրանք հարցնում են՝ էս ինչո՞ւ է լալիս»:

Հիշենք, որ մայիսի վերջին Մեյի արցունքներն իրոք հակասական արձագանք էին առաջացրել հասարակությունում: Այն ժամանակ, հայտարարելով հրաժարականը, տիկինը պաթոսով խոսեց իր կյանքի վերջին երեք տարիների մասին՝ հայտնելով, որ մեծ պատիվ էր իր համար լինել երկրի երկրորդ կին վարչապետը, բայց հաստատ ոչ վերջինը: Նա ավելացրեց նաև, որ հեռանում է «անսահման երախտագիտությամբ երկրին ծառայելու հնարավորության համար, որին սիրում է»: Հենց այդ խոսքի վրա խզվեց նրա ձայնը և արցունքներ հոսեցին:

Անգելա Մերկելի առողջությունը

Մերկելը նստած

Անցած շաբաթվա ընթացքում օրակարգում մնաց Անգելա Մերկելի առողջական վիճակի հարցը:

Ինչպես գիտենք, վերջին ամսվա ընթացքում 64-ամյա Մերկելը դողի նոպաներ է ունեցել գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Եվ թեպետ բազում հարցումներին նա պատասխանեց, որ վտանգավոր ոչինչ չկա և ինքն ամենայն պատասխանատվությամբ հետևում է իր առողջությանը, լրատվամիջոցները սկսեցին կասկածներ հայտնել, որ հավանաբար Մերկելը ստիպված լինի հրաժեշտ տալ իր պաշտոնին շատ ավելի վաղ, քան նախատեսված է: Իսկ Բեռլինում Դանիայի նոր վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենի ընդունելության ժամանակ, երբ հնչում էր Գերմանիայի հիմնը, նա նստած մնաց: Դա, ինչպես ասում են, լցրեց համբերության բաժակը: Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը պաշտոնապես պատասխան պահանջեց, թե ինչով են պայմանավորված Մերկելի նոպաները, քանի որ նա ստիպված է եղել խախտել դիվանագիտական արարողակարգը: Նա պնդեց, որ դա Մերկելի անձնական հարցը չէ, հասարակությունը պետք է իմանա, թե նա որքանով է ի վիճակի ֆիզիկապես կատարելու իր պարտականությունները: Սակայն երկրի բնակչության մեծամասնությունը համարեց, որ դա նրա անձնական գործն է:

Նայելով տեսագրությունները՝ որոշ բժիշկներ փորձում են ախտորոշել Մերկելին: Նրանցից մեկն ասել է, որ այն հիվանդության դեպքում, որն ինքը հավանական է համարում, նոպան լինում է կանգնած վիճակում: Իսկ երբ շարժվում ես կամ նստում, դա դադարում է, ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով է Մերկելը ստիպված եղել խախտել արարողակարգը:

Եվս մի քանի փաստ

Անցած շաբաթ Չեխիայի կառավարությունը հավանություն տվեց երկրի հիշարժան օրերի ցանկում 1968 թվականի իրադարձությունների հիշատակի օր մտցնելու մասին որոշմանը:

Իրենց պաշտոնները ստանձնեցին երկու երկրների նորընտիր ղեկավարներ՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը:

Հոնկոնգում վերջնականապես տապալվեց արտահանձնման մասին օրենքի նախագիծը, որը հանգեցրել էր երկրում ամենամեծ զանգվածային ցույցերին 1997-ից ի վեր և խոշոր քաղաքական ճգնաժամի: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը հայտարարեց, որ այդ նախագիծը մեռած է:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց Բարբադոս կղզում Նորվեգիայի միջնորդությամբ ընդդիմության հետ սկսվելիք բանակցությունների մասին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ուղղում մտցրեց, որով սահմանափակվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմ սկսելու մասին միանձնյա որոշում կայացնելու իրավունքը:

ԱՄՆ աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան ուրբաթ հրաժարական տվեց միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված սկանդալի համատեքստում, որը մեղադրվում է սեքսուալ ծառայությունների առևտրի և անչափահաս աղջիկների հետ կապի մեջ:

Իտալիայի Սենատը հավանություն տվեց սահմանադրական բարեփոխման նախագծին, որով կրճատվում է խորհրդարանի երկու պալատների պատգամավորների թիվը: Ըստ այդմ՝ սենատորների թիվը 315-ից կրճատվում է մինչև 200, պատգամավորներինը՝ 630-ից մինչև 400:

Ռուսական C-400 զենիթային համակարգերի առաջին տարրերը սկսեցին հասնել Թուրքիա:

Իսկ երեկ Միացյալ Նահանգներում սկսվեցին անօրինական միգրանտների զանգվածային ձերբակալությունները: Նախատեսվում է ձերբակալել առնվազն 2 հազար մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: