Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզում 7 նոր Վիքիակումբ է բացվել


  
դիտումներ: 914

Դեռևս սույն թվականի մարտ ամսին Վիքիմեդիա Հայաստանի և Տավուշի մարզպետարանի միջև սերտ համագործակցություն էր սկսվել։

Մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վիքիպեդիա Հայաստանի» ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, կարևորելով նորարարական կրթական համակարգերի ներդրումը Տավուշում, համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Հուշագրի համաձայն՝ Վիքիմեդիա Հայաստանը պարտավորվում է Տավուշի մարզի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացներ կազմակերպել և օգնել նրանց վիքիակումբների ստեղծման և գործունեության մեջ։ Մարզպետարանը պարտավորվում է ուսուցիչներին խրախուսական հավելավճարներ հատկացնել ըստ իրենց գործունեության մոնիթորինգի։

Ուսուցչական դասընթացի խմբակային լուսանկար

Գործընթացը սկիզբ է առել մարտի 25-ին, երբ Տավուշի մարզի 35 ուսուցիչ մասնակցեց Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման հնգօրյա դասընթացին։

Համագործության երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 6-ին, երբ Վիքիակումբներ հիմնադրվեցին Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, Արճիսի դպրոցներում։

Դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ Դպրոցում Վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի Վիքիպեդիայում խմբագրման գործիքներին և շարունակաբար որակյալ ներդրում ունենա։

«Վիքիակումբները կրթական հեղաշրջում կատարելու պոտենցիալ ունեն։ Շատ բնակավայրերում վիքիակումբները աստիճանաբար փոխում են թե՛ աշակերտների և թե՛ չափահասների մտածելակերպը»,— նշում է Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը և հավելում, որ շատ բան կախված է ակումբի ուսուցիչ-համակարգողից։ Սուսաննա Մկրտչյանն ընդգծում է, որ ատ կարևոր է, որ ակումբի համակարգողը շարունակական ներդրում ունենա Վիքիպեդիայում, ինչը հնարավորություն կտա նրան ընդլայնել և խորացնել իր մասնագիտական գիտելիքները, դասավանդման նորարարականմոտեցումներ ձեռք բերել և յուրաքանչյուր աշակերտին տարբերակված մոտեցում ցուցաբերել։

Լուսահովիտի վիքիակումբի բացում

Վիքիպեդիայի խմբագրմանը դպրոցականներին մասնակից դարձնելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանը Հայաստանի տարբեր բնակավայրերում ստեղծում է վիքիակումբներ, որտեղ նրանք ազատ ժամերին, համակարգողի օգնությամբ սովորում և խմբագրում են հայերեն հոդվածներ:

Ակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, ունի համակարգող, որն այցելուներին սովորեցնում է խմբագրման նրբությունները, տեղեկացնում նոր գործիքների մասին, հետևում խմբագիրների ստեղծած հոդվածներին։ Այցելուները հիմնականում դպրոցականներ ու երիտասարդներ են, սակայն կազմակերպությունն ակումբների միջոցով կրթում է նաև մեծահասակների։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: