Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 406

Շաբաթը Երևանում սկսվեց «Երևանն աղբավայր չէ, Երևանը մայրաքաղաք է» կարգախոսով, որով քաղաքի սանիտարական վիճակով անհանգստացած մի խումբ ցուցարարներ աղբի տոպրակներով գնացին քաղաքապետարան:

Նրանց ցույցն ավարտվեց 8 հոգու բռնի ուժով բերման ենթարկելով: Այնպես որ Երևանը մնաց աղբավայր և խոստանում է այդպիսին մնալ նաև առաջիկա շաբաթներին: Թե որքանով դա կնպաստի զբոսաշրջությանը և Երևանի համբավին, դեռ բնակչության առողջությունը և համաճարակի վտանգը մի կողմ, դժվար չէ ենթադրել, բայց որ արտագնա զբոսաշրջությանը ոչինչ սպառնում, վկայում է դեռ նախորդ շաբաթ տարածված տեղեկատվությունը իշխանավորների աննպատակ գործուղումների մասին, և ինչու հեռու գնալ, նաև երկրի վարչապետի և նրա տիկնոջ ուղևորությունները, որոնք ընդդիմադիր հանրության կողմից որակվեցին որպես «քաղաքական տուրիզմ»:

Շաբաթվա սկզբին նրանց շրջագայությունը Վիետնամում և Սինգապուրում դեռ չէր ավարտվել: Նրանք վերադարձան այդ երկրներից ստացած վառ տպավորություններով և իրենց պատվին անվանակոչված խոլորձ ծաղկատեսակի վկայականով: Այդ ուղևորության շնորհիվ նաև Հայաստանի բնակչությունը մի ֆանտաստիկ լուր ստացավ. պարզվեց, որ մեզանում, ինչպես և Սինգապուրում, ղեկավարությունն առաջնորդվում է մերիտոկրատիայի, պրագմատիզմի և ազնվության սկզբունքներով: Մի տարբերությամբ. այդ սկզբունքներով Սինգապուրը թռիչքային զարգացում է ապրել և շարունակում է զարգանալ, իսկ մենք…

Ինչպես միշտ, պակաս չմնացինք սկանդալներից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որ նախորդ օրերին համացանցի աստղ էր դարձել ընկերուհիների հետ նախագահական նստավայրում կատարած էքսկուրսիայի տեսագրության շնորհիվ, ոչ միայն հրաժարական չտվեց, ինչպես կաներ յուրաքանչյուր կարգին երկրի կարգին պատգամավոր, այլև ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ վեց հայց է ներկայացրել դատարան, քանի որ իր դեմ տեղեկատվական արշավ է սկսվել: Բոլոր հայցերն ընդունվել են վարույթ:

Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ նախկին օլիգարխ, իսկ այժմ խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով, իսկ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը, որ կալանավորվել էր կաշառակերության համար, գրավի դիմաց ազատ արձակվեց:

Ամբողջ շաբաթն անցավ կանաչած Սևանի քննարկումներով, բազմաթիվ պատճառներ նշվեցին,սակայն դեռևս հայտնի չէ, թե դրանցից որն է հիմնականը, և բնականաբար, դեռևս այդ խնդրի լուծման գործնական քայլերի ծրագիր չի կազմվում:

Շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը, անշուշտ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցն էր Երևան, որ ժամանեց Ադրբեջանից: Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հետ հանդես եկավ հայտարարությամբ, այցելեց երկրի նախագահին, շրջեց Երևանի փողոցներում, առիթ ունեցավ լսելու Քոչարյանի աջակիցների վանկարկումները, այցելեց Սևանավանք և Նորատուս՝ 9-17-րդ դարերի խաչքարերի համալիր: Ի՞նչն էր կարևոր նրա հայտարարություններում: Եվս մեկ անգամ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նա ասաց. «ԵՄ-ն ոգևորված է վերջին մեկ տարում մարդկանց խաղաղության նախապատրաստելու և հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով և ձգտումով»: Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, մինչդեռ Ադրբեջանում նա խոսել էր նրա տարածքային ամբողջականության մասին:

Այդ օրը մի քանի ժամով կաթվածահար եղավ հանրապետության էներգետիկ համակարգը: Հոսանքի տատանումներ եղան Երևանում և մի շարք այլ բնակավայրերում, որից հետո անջատվեց Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երևանի ՋԷԿ-ը։ Մի քանի ժամ հանրապետությունը խուճապի մեջ էր: Փողոցներում լուսացույցները չէին աշխատում, խցանումներ էին առաջանում, մետրոյում երկու գնացք մնացել եր թունելում, ուղևորներին մի կերպ տարհանեցին: Պատճառի մի քանի վարկածներ առաջ քաշվեցին, սակայն մինչ օրս պաշտոնական որևէ հայտարարություն չկա: Հետաքննությամբ զբաղվում է ԱԱԾ-ն:

Սահմանադրական դատարանը հրապարակեց առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։ ՍԴ-ն որոշել է դատավորի ներկայացրած երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկը՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցով, ընդունել քննության:

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալված «Տոյոտայի» վարորդ Սողոմոն Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց։

Հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

Հրավիրվեց դատավորների ընդհանուր ժողով՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ ԲԴԽ անդամ ընտրվեցին Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը: Իսկ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որ 8 ամիս առաջ հրաժարվել էր խորհրդի անդամությունից, անակնկալ երդում տվեց՝ առանց որևէ տրամաբանական բացատրության: Նրա երդման ժամանակ մի քանի դատավորներ ցուցադրաբար լքեցին դահլիճը։

Այդ օրը ԱՄՆ-ում մի իրադարձություն եղավ, որը կապված է մեր երկրի անվտանգության հետ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունը, որը վերահաստատում է Էնգել-Ռոյսի նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։ Արցախի ԱԳՆ-ն անմիջապես ողջունեց այդ որոշումը:

Հունիսի 12-ին, տեղի ունեցավ նոր էլեկտրակայանի շինարարության մեկնարկի արարողությունը, իսկ քաղաքապետարանի մոտ կրկին հավաքվել էին աղբի դեմ բողոքողները:

Հունիսի 13-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: