Հայերեն   English   Русский  

Հուլիսի 28-ին նշվելու է Վարդավառը. կկազմակերպվեն միջոցառումներ


  
դիտումներ: 691

Այս տարի Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվելու է հուլիսի 28-ին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը:

 Տեր Մեսրոպ քահանա ԽունոյանՆրա խոսքով՝ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:«Այն նաև Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները:Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի այն նշվելու է հուլիսի 28-ին: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Թե ինչպես են նշել Արցախցիները, տեղեկությունները քիչ են: Հիմնականում կազմակերպում էին ուխտագնացություններ, ջրոցի էին խաղում, ժողովրդական երգեր երգում ու ազգային պարեր պարում»,-մասնավորապես ասել է նա:

Անդրադառնալով Արցախում եկեղեցական տոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին՝ նա ասել է, որ այս տարի ուխտագնացություն է կազմակերպվելու դեպի Գանձասար, քանի որ Պայծառակերպության տոնը համարվում է Գանձասարի վանքի ուխտի օր (այդ օրն է օծվել), իսկ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ Պատարագ, որից հետո՝ ժամը 13:30-ին, եկեղեցու մոտ տեղի է ունենալու միջոցառում, որն ուղեկցվելու է խաղերով, երգ ու պարով, ասմունքով: Հանրապետության մյուս եկեղեցիներում ևս մատուցվելու է Սուրբ Պատարագ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: