Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում կլինեն արտերկրից ժամանած բժիշկներ


  
դիտումներ: 123

Այսօր՝ հուլիսի 16-ին, Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունից հետո Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում կլինեն նաև արտերկրից ժամանած բժիշկներ։

Նա նշեց, որ պաշտպանական կողմի հրավերով և միջոցներով փորձաքննությանը մասնակցելու են եվրոպական առաջադեմ կլինիկաների պրոֆեսորներ։

«Չգիտեմ ինչ եզրահանգման կգա հանձնաժողովային փորձաքննությունը, սակայն դառը փորձ ենք ունեցել, երբ փարձաքննությունն իրականացվում է ոչ նորմալ պայմաններում, ոչ պատշաճ անձի կողմից, ճնշումների ներքո։ Չչգիտեմ այս անգամ ինչ կերպ կլինի, սակայն փաստը մնում է փաստ, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանի գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազների միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: