Հայերեն   English   Русский  

Միհրան Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել


  
դիտումներ: 215

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ:

Այս մասին տեղեկանում ենք ծառայության ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:

Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

Նշենք, որ 2008–2017թթ–ին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը զբաղեցրել է Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք`ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: