Հայերեն   English   Русский  

Ճանապարհային ոստիկանները մնացել են աշխատավարձի և բենզինի հույսին, նրանք 10 լիտր բենզինով չեն հետապնդի խախտում թույլ տվածին


  
դիտումներ: 157

Մեր գլոբալ խնդիրն այն է, որ այսօր մեր ճանապարհներին տիրում է անպատժելիությունը։ Հենց այդ պատճառով է իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Facebook-ում «Մի արեք այսպես» խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանը՝ մեկնաբանելով տրանսպորտի ոլորտի հնարավոր բարեփոխումները։

Նրա կարծիքով՝ Ճանապարհային ոստիկանությունը պետք է հավուր պատշաճի մոտիվացված լինի, որպեսզի ավելի լավ կատարի իր աշխատանքը։

«Հիմա նրանց լրացուցիչ եկամուտը փաստորեն անհետացել է, քանի որ երկրում այլեւս չկա համակարգային կոռուպցիա։ Նրանք մնացել են աշխատավարձի եւ բենզինի հույսին, որոնք նրանց տալիս է պետությունը։ Իսկ ստանում են նրանք օրն ընդամենը տասը լիտր բենզին։ Դա չափազանց քիչ է։ Եթե Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը որոշի բռնել կարգախախտին, նա ստիպված է լինելու ծախսել 6-7 լիտր բենզին, ինչից հետո պետք է դադարեցնի խախտողին հետապնդելը»,- պարզաբանել է Հարությունյանը։

Նա նաև ընդգծել է, որ առաջարկում է վիճակագրություն վարել։

«Օրինակ, որ փողոցներում են գրանցվել ՃՏՊ դեպքերը մահացու ելքերով, եւ ինչ խախտումների պատճառով են դրանք տեղի ունեցել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ արագության սահմանափակումը մայրաքաղաքում հազիվ թե թույլ տա կրճատել մահվան դեպքերը ճանապարհներին։

Ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում առաջարկություն է ստացվել ոստիկանության պարեկային եւ ճանապարհապարեկային ծառայությունները վերացնելու մասին՝ հետագայում նոր միասնական ծառայություն ձեւավորելու նպատակով։

«Այդ բարեփոխումը մեզ թույլ կտա որոշակի չափով ավելացնել պարեկային մեքենաների թիվը քաղաքում, ինչը կհանգեցնի վարորդների զգոնության բարձրացմանը»,- հավաստիացրեց Գաբրիելյանը։

Նա միաժամանակ նշել է, որ խախտումներն արձանագրող գաղտնի տեսախցիկների թիվն էապես չի բարձրանա, քանի որ վարչապետն ինքը դեմ է հանդես եկել այդ նախաձեռնությանը եւ առաջարկել է ինչ-որ այլընտրանքներ գտնել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: