Հայերեն   English   Русский  

Խումբը պարբերաբար ապօրինի դեղեր է գաղտնի տեղափոխել Հայաստան. ԱԱԾ-ն առգրավել է շուրջ 3.000 տուփ դեղ


  
դիտումներ: 104

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման եւ իրացման դեպք:

ԱԱԾ-ից Անկախին հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ եւ չունենալով դեղերի ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ, ինչպես ՀՀ-ում պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր: Այնուհետեւ, մաքսային հսկողությունից թաքցնելով, պարբերաբար տեղափոխել եւ առանց փաստաթղթային ձեւակերպման 2019թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում իրացրել են շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դեղորայքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 35 մլն դրամի վնաս:

Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, դրանց շրջանառության հետ հնարավոր առնչվող գումարներ, մասնավորապես՝ շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ եւ 1300 դոլար, ինչպես նաեւ վաճառքի վերաբերյալ գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սեւ հաշվապահություն»:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: